«ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր են գնալ 102-րդ ռազմաբազա և ձերբակալել Վալերի Պերմյակովին»

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում.

«Ռուսաստանի Դաշնության համար Հայաստանի Հանրապետությունը միակ վայրն է, որտեղ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո միաժամանակ թույլատրվել է պետական սահմանի պաշտպանությունն ու զինվորական ռազմաբազայի գործունեությունը, որի համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքնված պայմանագրերը:

Վերոնշյալ պայմանագրերը ենթադրում են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմանի հարգանք, երկկողմանի հետաքրքրություն և երկկողմանի համագործակցություն: Այս պայմանագրերից Ռուսաստանի շահերը ոչ միայն ահռելի են, այլև այլընտրանքը չունեցող: Սակայն, որքան էլ տարօրինակ է, Հայաստանի քաղաքացիները վերջին տարիների ընթացքում ռուսաստանյան կողմի օրեցօր ավելի հաճախակի դարձած ոչ բանական և անօրեն որոշումների ականատեսն են դառնում (սկսած Հայաստանի թշնամի՝ Ադրբեջանին չորս միլիարդի զենք վաճառելուց, վերջացրած՝ Գյումրիի ողբերգությամբ):

Միջպետական հարաբերություններում և պրակտիկայում ընդունված է բացարձակ այլ վարք այն ողբերգության պայմաններում, որը տեղի ունեցավ Գյումրիում, երբ, ըստ նախնական վարկածի, ռուսական ռազմաբազայի ծառայողը ներթափանցել է հայ ընտանիք և գազանաբար սպանել յոթ մարդու:

Ի պատասխան իմ կողմից Վլադիմիր Պուտինին ուղղված պահանջին՝ անհապաղ փոխանցել Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին, ՌԴ դատախազությունից հայտնել են, որ Պերմյակովին ձերբակալել են ՌԴ իրավապահները և այդ իսկ պատճառով նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո: Սույն պատասխանից ակնհայտ է, որ խախտվել են Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև կնքված պայմանագրերը և Հայաստանի Հանրապետության օրենքները:

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները նման գործառույթ իրականացնելու իրավասություն չունեն: Ակնհայտ է նաև, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է ապօրինությունը, Պերմյակովին չի փոխանցելու Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին:

Ստեղծված ողբերգական իրավիճակից դուրս գալու համար ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր են վերացնել իրենց կողմից թույլ տրված անգործությունը և իրավատեր քաղաքացիների նկատմամբ հետապնդում իրականացնելու փոխարեն՝ պարտավոր են գնալ 102-րդ ռազմաբազա, ձերբակալել Վալերի Պերմյակովին ու փոխանցել նրան Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն
20
մարտի 2015թ.

 

Տեսանյութեր

Լրահոս