Բաժիններ՝

Մահացել է Վլադիմիր Դարբինյանը

Կյանքից հեռացավ Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար Վլադիմիր Դարբինյանը:

Ծնվել է 1931 թվականին, Իջեւանի շրջանի Աչաջուր գյուղում:
Երեւանի պետական համալսարանի պատմության, այնուհետեւ՝ իրավաբանական ֆակուլտետներն ավարտելուց հետո անցել է կուսակցական աշխատանքի:
1969 թվականից մինչեւ 1975 թվականը Վլադիմիր Դարբինյանը Հայաստանի ներքին գործերի նախարարն էր:

Ներքին գործերի նախարարության եւ նրա ստորաբաժանումների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ նրա պաշտոնավարության տարիներին մի շարք կարեւորագույն խնդիրներ լուծվեցին, մասնավորապես՝ կադրային, նյութատեխնիկական բազայի եւ համակարգի աշխատողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման բնագավառներում:

Զգալի աշխատանք կատարվեց ներքին գործերի շրջանային բաժինները եւ նախարարության վարչությունները տեխնիկական միջոցներով հագեցնելու ուղղությամբ: Մշտապես ուշադրության կենտրոնում էր հանցագործությունների կանխարգելման, հասարակական կարգի պահպանման խնդիրը:

Հետագայում Վլադիմիր Դարբինյանը մի շարք պատասխանատու պաշտոններ վարեց՝ արդարադատության նախարարի տեղակալ, հանրապետության իրավաբանների միության նախագահ, Սարդարապատի հուշահամալիրի գլխավոր տնօրեն:

Բարձր պատասխանատվության, կատարողական կարգապահության, հաջողությունների վկայությունը շքանշաններն ու բազմաթիվ մեդալներն են, որոնց արժանացել է աշխատանքային գործունեության ընթացքում:

Պետական մտածողությամբ քաղաքացու, օրինակելի մարդու, լավ ընկերոջ հիշատակը միշտ կմնա նրան ճանաչողների սրտերում:

ՀՀ ոստիկանության կոլեգիա

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս