Բաժիններ՝

Ավետիսյանների սպանության գործով քննություն իրականացնող մարմինը ինքն իրեն փակուղի է մտցրել. դա դեռ հարց է՝ Պերմյակո՞վն է կրակողը. ԳԱԼԱ

Երեկ Ավետիսյանների սպանության գործով առաջին փորձաքննության արդյունքները հրապարակվեցին: Խոսքը դատաձգաբանական փորձաքննության մասին է:

Փորձագետների գնահատմամբ՝ դեպքի վայրում հայտնաբերված եւ փորձաքննության ներկայացված պարկուճները, գնդակները կրակվել են «АКС-74» տեսակի ինքնաձիգից, որն ամրակցված է եղել գործով մեղադրյալ Վ.Պերմյակովին եւ հայտնաբերվել դեպքի վայրում։

Ի՞նչ է ցույց տալիս այս փորձաքննությունը, եւ արդյո՞ք հիմք տալիս է ենթադրելու, որ կրակողը հենց Վ. Պերմյակովն է եղել:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով Ավետիսյանների սպանության քրեական գործում ներկայացնում է Ավետիսյանների հարսի՝ Արաքսյա Ավետիսյանի հոր՝ Անդրանիկ Պողոսյանի շահերը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ եթե փորձաքննությունը պարզել է, թե այդ պարկուճները կրակվել են «Կալաշնիկով» ինքնաձիգից, դա դեռ չի նշանակում, որ մեկ ինքնաձիգից է կրակվել, եւ երկրորդ՝ չի նշանակում, թե հենց Պերմյակովի կողմից է արձակվել:

«Նախ առաջին հերթին փորձագետին տալիս են զենքը, որը հայտնաբերվել է դեպքի վայրում, եւ սպանության վայրից հավաքված պարկուճները: Հարց է տրվում՝ արդյո՞ք այդ պարկուճները համապատասխանում են այդ զենքին եւ արդյո՞ք կրակված են այդ զենքից:

Հիմա պարզ է, որ բոլոր պարկուճները կրակված են «Կալաշնիկով» ինքնաձիգից: Բայց եթե «Կալաշնիկով» ինքնաձիգից են կրակվել, դա դեռ չի նշանակում, թե մեկ «Կալաշնիկովից» է կրակվել: Սա շատ պարզ փորձաքննություն է, եւ փորձագետից ավելին պահանջել, քան կարող է տալ, իմաստ չունի»:

Ըստ Սաքունցի՝ այս փորձաքննությունն ավելի է փակուղի մտցնում նախաքննական գործը: Հարց է ծագում՝ եթե այդքան կրակոց է արձակվել Պերմյակովի ինքնաձիգից, ապա ինչպե՞ս է, որ այդ կրակոցները լսելի չեն եղել:

«Այսինքն, այդ փորձաքննությունը ոչինչ չի տալիս, ավելին՝ ծանր վիճակ է ստեղծում: Եթե նույնիսկ փորձաքննությունն ասում է, որ իրապես կրակվել է «Կալաշնիկովից», դա ակնհայտ հակասության մեջ է մտնում գործով փաստական այն հանգամանքի հետ, որ այդ կրակոցները չեն լսել հարեւանները: Ի՞նչ պետք է անի քննություն իրականացնող մարմինը. ստացվում է՝ ինքն իրեն փակուղու մեջ է դնում:

«Կալաշնիկով» ավտոմատները դրանք ունիվերսալ են, կարող են օգտագործվել տարբեր կերպ: Ստանդարտներն ընդհանուր է, բայց հաստատ իմացեք, որ պոստին կանգնածին խլացուցիչ չեն տալիս: Եթե ինչ-որ մեկի մտքով անցնի մի բան, որ կարող է Պերմյակովն ինչ-որ խլացուցիչ է ձեռք բերել, ուղղակի սա անհեթեթություն կամ ձեռառնելիք կլինի: Գործով եղած փաստացի հանգամանքների համադրումն իրապես միանշանակ հակասության մեջ է գտնվում փորձաքննության արդյունքների հետ»:

Սաքունցի խոսքերով՝ եթե նույնիսկ հաստատ է, որ Պերմյակովի զենքից է կրակվել, ապա մյուս հարցն այն է, թե ո՞վ է դա կրակել:

«Պերմյակովի կողմից զենքի օգտագործման հիմնավորումը հանդիսանում է ոչ թե այն, որ Պերմյակովի զենքից է կրակվել, այլ որ Պերմյակովի վրա պետք է զենքի գործածման արգասիքները բացահայտվեն»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս