«Այս փուլի հիմնական ցնցումն արդեն տեղի ունեցավ». Արման Մելիքյան

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս փուլի հիմնական ցնցումն արդեն տեղի ունեցավ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցապետի պաշտոնից հրաժարական տալով կազմալուծեց իր հետ մեծ հույսեր կապող խորհրդարանական ընդդիմության ողջ ճամբարը: Այժմ պարոն Սերժ Սարգսյանը կարող է արագորեն նախաձեռնել սահմանադրական փոփոխությունների գործընթացը և Հայաստանում խորհրդարանական կառավարման ձևը ներդնել: Խորհրդարանում ներկայացված ուժերի նոր հարաբերակցությունը միայն կօժանդակի Հանրապետական կուսակցությանը՝ խորհրդարանական կառավարմանն անցումից հետո ևս պահպանելու իշխող դիրքը: Դրան այսօր միայն մի բան կարող է խանգարել՝ հեղաշրջումն Արցախում:

Հայաստանում կազմակերպվող բողոքի գործողությունները կլինեն անհետևանք, եթե Արցախը դրանց անհաղորդ մնա: Առհասարակ՝ իշխանափոխությունը լոկ կոչերի միջոցով իրականացնելն անհնար է, առավել ևս, եթե մենք որակական իշխանափոխության կարիքն ունենք: Ես ամենևին չէի ցանկանա, որ կոռուպցիոն փորձառություն ունեցող այսօրվա պաշտոնյային փոխարինելու գա կոռուպցիոն փորձառություն ձեռք բերելու մեծ ախորժակ ունեցող մի նոր մեկը:

Որակյալ կառավարումը հնարավոր է ապահովել միայն քաղաքական հեռատեսության, ղեկավարների մասնագիտական բարձր որակավորման ու քաղաքացի-իշխանություն փոխվստահության ներդաշնակ համադրության դեպքում:

Մեր երկրի տնտեսական վիճակը էապես կախված է լինելու սպասվող միջազգային զարգացումների ընթացքից ու Ռուսաստան-Արևմուտք փոխհարաբերությունների մրցակցային դրսևորումներից մեր տարածաշրջանում: Ռուսաստան-Թուրքիա և ԱՄՆ-Իրան հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերն իրենց ազդեցությունը կունենան նաև Հայաստանի տնտեսական վիճակի վրա»:

Տեսանյութեր

Լրահոս