Կինը սուտ մատնություն է տվել, թե ամուսնու ընկերը փորձել է իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ իր հետ
Ընդհանուր իրավասության դատարանը կնոջը մեղավոր է ճանաչել սուտ մատնություն կատարելու մեջ և դատապարտել 1 տարվա ազատազրկման: Դատարանի վճռով՝ կնոջ նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին և գիտակցելով, որ հանցագործության մասին իր կողմից տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, Ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ իր ամուսնու ընկերը բռնի ուժով փորձել է իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ իր հետ:
Ըստ դատարանի վճռի՝ մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, և հայտարարել, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ և առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում, պնդում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու միջնորդությունը, այն ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննությունն անցկացնելու հետևանքները: Դատարանը որոշել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով:
Դատարանը, որպես ամբաստայալի անձը բնութագրող տվյալներ, պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ՝ հաշվի է առել այն, որ նախկինում դատված չի եղել, առաջին անգամ կատարել է միջին ծանրության հանցագործություն, ամուսնացած է, և նրա խնամքի տակ են գտնվում երեխաները, զղջում է կատարածի համար: