ԼՂՀ ոստիկանության պետը պարգևատրել է ՀՀ ոստիկանության գնդապետին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունների միջև համագործակցությունը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա, որի շնորհիվ հայկական երկու պետությունների իրավապահ մարմիններին հաջողվում է համատեղ ուժերով նպատակային պայքար մղել հանցավորության և հակահասարակական դրսևորումների դեմ, հայտնաբերել հետախուզման մեջ գտնվող կամ անհայտ կորած անձանց, ապահովել հասարակության խաղաղ կենսագործունեությունն ու զարգացման առաջընթացը:

ԼՂՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության փոխանցմամբ՝ վերոգրյալի արդյունավետությունը պայմանավորվում է իրավակարգին ծառայելու անձնվիրությամբ օժտված նվիրյալների քրտնաջան աշխատանքով:

ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի ընթացիկ տարվա մարտի 7-ի հրամանով` ԼՂՀ և ՀՀ ոստիկանությունների միջև սերտ համագործակցության ամրապնդման, հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի գործում զգալի ավանդ ներդնելու համար ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի հրամանատար, ոստիկանության գնդապետ Խաչատուր Ավետիսյանը պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:

Պարգևատրման հանդիսավոր արարողակարգը կատարել է ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ, շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը, ով, շնորհավորել է գնդապետ Ավետիսյանին,և հույս հայտնել, որ այսուհետ առավել կամրապնդվի և որակական նոր հարթություն կտեղափոխվի երկու հայկական իրավապահ կառույցների միջև համագործակցությունը՝ ի շահ մեր պետությունների և ի բարօրություն մեր ժողովուրդի:

Տեսանյութեր

Լրահոս