Սամվել Բաբայանը թույլ չի տա ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հնարավոր առաջադրումը. «ՉԻ»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով, ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, որը երկար ժամանակ է՝ բացակայում է Հայաստանից, պատրաստվում է վերադառնալ ու իր շուրջը համախմբել Արցախի ընդդիմությանը:
Մայիսի 3-ին Ղարաբաղում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցելու համար էլ, ըստ մեր աղբյուրների, Սամվել Բաբայանը տարիներ անց վերադառնում է Ռուսաստանի Դաշնությունից: Ասում են, որ Սամվել Բաբայանի անակնկալ որոշումը ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հնարավոր առաջադրման դեմ պայքարելն է:
Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանից փորձեցինք ճշտել՝ լինելով ընդդիմադիր ուժի ղեկավար, տեղյա՞կ է Սամվել Բաբայանի մտադրության մասին: Հ. Խանումյանը հաստատեց մեր ունեցած տեղեկությունները՝ ասելով.
«Այո, տեղյակ եմ Սամվել Բաբայանի ցանկության մասին, նա իսկապես ուզում է վերադառնալ: Իսկ մնացած հարցերը կորոշի մեր կուսակցության համագումարը, որը գրանցումից առաջ տեղի կունենա»:
Հետաքրքրվեցինք՝ Սամվել Բաբայանն անձա՞մբ է ուզում մասնակցել խորհրդարանական ընտրություններին, թե՞ պարզապես ցանկություն ունի սատարել ընդդիմադիր դաշտին: Ի պատասխան Հայկ Խանումյանըր կրկնեց, թե այդ և մի շարք այլ հարցերի պատասխաններ կտա կուսակցության հրավիրած համագումարը:
Միաժամանակ նա նշեց, թե «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հակված է հանրության մեջ մեծ հեղինակություն ունեցող անձանց, կարող ուժերին համախմբել ու խորհրդարանական ընտրություններում հանդես գալ ուժեղ թիմով»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։