Բաժիններ՝

«Այո, արտահանման օֆշոր. ի՞նչ վատ է». Վարդան Այվազյան

Այսօր Ազգային ժողովի նիստում «Շահութահարկի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների քննարկումը շարունակվեց բուռն վիճաբանությամբ: Հիշեցնենք, որ, ըստ օրենքի՝ 50 մլրդ դրամ արտահանման դեպքում շահութահարկը 10%-ից նվազեցվում է 2%-ի:

«Մի բանի մասին խոսում եք, գոնե մինիմալ պիտի պատկերացնեք, թե ինչի մասին է օրենքը»,- հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Նա նշեց, որ երբ ասում էին՝ ԵՏՄ-ն հնարավորություն է՝ նաև սա նկատի ունեին, նույնը վերաբերում է նաև ԵՄ-ին: Այսինքն, Այվազյանի խոսքով, շահութահարկը «ստեղ-ընդեղ չի վճարելու ինքը»: Այվազյանին տեղից առանց խոսափողի հակադարձում էր պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

«Հանգիստ, հանգիստ, երկխոսւթունը դադարեցրեք: Ես որևէ ռեժիմ կսահմանեմ, որ կուշտ կարողանք բանավիճեք»,- միջամտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Կարդացեք նաև

«Պարոն Բագրատյան, եթե Դուք էլ չեք հասկանում, թե որտեղ է գնում սրա շահութահարկի տարբերությունը, շատ ցավում եմ»,- ասաց Այվազյանն ու շարունակեց, որ եթե ՀՀ բյուջե փող վճարեն՝ ի՞նչ վատ կլինի: Ըստ նրա՝ եթե այստեղ փոքրացվի շահութահարկը, ընկերությունները կգրանցվեն ՀՀ-ում, և այլ տեղում չեն վճարի շահութահարկ: Այվազյանը նշեց, որ կոնյակը, ոսկերչությունը, ծխախոտի արտադրությունն ու հանքարդյունաբերությունը օրենքի տակ չեն ընկնում, մնում է շինանյութերն ու պատրաստի արտադրանքը: Նա նշեց, թե գերնպատակը ոչ թե բյուջեն է, այլ՝ բնակչությանն աշխատացնելն ու նրա սոցիալական խնդիրները լուծելն է:

«Բառացի գրված է արտահանում: Իսկ արտահանման ռեժիմը մեր մոտ ամբողջապես ազատված է: Եթե պիտի կոնսոլիդացվեն, 18%-ը մեկը մյուսի հետ կիսեն, է՜, թող անեն: Է՜, նախկինում էլ էր, արտահանման մասը թող անեն, էսօր էլ ունենք օֆշոր… կներեք օֆշոր չեն ասում, ասում են՝ ազատ տնտեսական գոտիներ,- հայտարարեց Այվազյանն ու հավելեց,- Այո, արտահանման օֆշոր: Ի՞նչ վատ է: Աշխարհի 40%-ը որ զարգացել է դրա վրա, ի՞նչ վատ է»:

Նա նշեց, որ օրինագիծը հունվարին 24-ժամյա ռեժիմով քննարկվել է, տեղափոխվել է փետրվար, և այս ընթացքում ոչ մեկից առաջարկ չի եղել, ՀՀԿ-ականներն են քննարկել ու առաջարկել, որպեսզի նաև սահմանվի, որ 40 մլրդի դեպքում 5% լինի շահութահարկը:

Վ.Այվազյանը նաև նկատեց, որ սիրում է Հեղինե Բիշարյանին, ով այս օրինագծի հետ կապված անընդհատ հակադարձում է իրեն, բայց՝ դիմելով Հրանտ Բագրատյանին, ասաց՝ «ապացուցե՞լ է պետք, պարոն Բագրատյան, էդ բանը մասսայաբար չեն ապացուցում, պետք է զգալ»: Նա նաև նշեց, թե ժամանակին HSBC բանկին է արտոնություն տրվել ու 10 տարի շահութահարկ ազատվել էր:

Հրանտ Բագրատյանի դիտարկմանը, որ Այվազյանը շատ համոզիչ է խոսում, բայց մտքի թելին հետևելով, երևում է, որ մտքերն իրար հետ կապակցված չեն, իսկ բանկին արտոնություն տրվել է, որպեսզի միջազգային փոխանցումներ կարողանան իրականացնել ու գոնե մեկ միջազգային բանկ գա ՀՀ, արտոնությունն էլ տրվել է կարճ ժամանակով՝ 10 տարով:

«Մեղավորները խոսափողներն են, որ ձեզ տանում են պատերազմի»,- նկատեց Գ.Սահակյանն ու Վ.Այվազյանին հորդորեց հաջորդ շաբաթ քննարկումներ կազմակերպել, որոնց կմասնակցեն Բագրատյանը, Բիշարյանը. «Արծվիկին չեմ ասում, ասեմ՝ չասեմ՝ կմասնակցի»: ԱԺ նախագահը նշեց, որ հնարավոր է՝ մարտի 3-4-ին արտահերթ նիստ լինի. «Դրա համար հաջորդ շաբաթ կռվեք առանց խոսափողների»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս