ԱՆ-ից պատասխանել են՝ արդյո՞ք նախարարը մասնակցել է Սուրիկ Խաչատրյանի որդու հարսանիքին. Բուդաղյանների փաստաբանը կդիմի ՄԻԵԴ
Ինչպես հայտնի է, մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ արդարադատության նախարարը և վարչապետը մասնակցել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու հարսանիքին:
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը հարցումով դիմել էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին, արդարադատության նախարարին և կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարին՝ խնդրելով հաստատել կամ հերքել այդ տեղեկությունը: Երեկ մեզ հետ զրույցում փաստաբանն ասաց, որ առայժմ պատասխան է ստացել միայն ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարից՝ հետևյալ բովանդակությամբ. «Ինձ տեղեկացրել են, որ ես նման տեղեկատվություն ստանալու իրավունք չունեմ»: Փաստաբանի խոսքով, սակայն, ԱՆ-ից ստացված այս պատասխանն ակնհայտ անհիմն է. «Բայց այդպիսի պատասխանով իրենք չեն խոչընդոտում անել այն, ինչ ես պատրաստվում եմ անել, այսինքն՝ առանց ներպետական ատյանները սպառելու` դիմել Եվրոպական դատարան: Այդ նամակները ես ուղարկել էի՝ զուտ որպեսզի հետագայում ինձ չասեն՝ իսկ ինչո՞ւ դուք այդ տեղեկատվությունը չփորձեցիք ստանալ ձեր ներպետական ատյաններից: Ես փորձեցի ստանալ, և այդպիսի պատասխան ստանալը, հուսով եմ, ինձ շատ առավելություններ կտա Եվրոպական դատարանում»:
Մեր հարցին՝ արդյոք կսպասի՞ մյուս երկու հարցումների պատասխաններին, թե՞ առանց դրանք ստանալու` կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, փաստաբանը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ իրենք դեռ 2-3 օր ունեն, ես դեռ կսպասեմ, որովհետև Եվրոպական դատարանի իմ գանգատը դեռ վերջնականապես պատրաստ չէ, պատրաստ կլինի հավանաբար 2-3 օր հետո: Այդ 2-3 օրվա ընթացքում ես կամ իրենցից պատասխանները կստանամ, կամ եթե չեմ ստանա, պարզապես իմ գանգատի մեջ կգրեմ, որ ինձ չեն պատասխանում»:
Հ. Ալումյանն ասաց, որ ՄԻԵԴ ներկայացվելիք գանգատում կներկայացնի, որ եթե որոշ պաշտոնատար անձինք, ումից դատական համակարգը լիարժեք կախված է, այդ մարդկանց այնքան մտերիմ են համարում, որ նրանց հարսանիքին են մասնակցում, ապա իր համար ներպետական ատյաններն անարդյունավետ են համարվում: «Այն, որ ես նամակներն ուղարկել եմ, և այն, ինչ պատասխան ես ստացել եմ մի տեղից, և, որ մյուս տեղերից պատասխաններ չեմ ստացել, ինձ համար բավարար է, որպեսզի կարողանամ ցույց տալ, որ ես ներպետական ատյաններում արդյունավետ պաշտպանության միջոց չունեմ»,- ասաց նա:
Ներկայումս Հայաստանի դատարաններում շարունակում են քննվել Հայկ Ալումյանի բողոքները: Դրանցից մեկը վերաբերում է Տիգրան Խաչատրյանի, Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումներին: Մեր հարցին ի պատասխան՝ Հայկ Ալումյանն ասաց, որ շարունակելու է Հայաստանի դատարաններում պնդել իր բողոքները. «Պարզապես մենք հնարավորություն ստացանք՝ զուգահեռաբար դիմել նաև այնտեղ և ակնկալել, որ մեր գանգատը կքննարկվի: Դա իրենց կողմից մեզ բավականին լուրջ աջակցություն էր»: