Էդվարդ Նալբանդյանը՝ դիվերսանտներին Ադրբեջանին հանձնելու կոչերի մասին. «Ի՞նչ մարդասիրության մասին կարելի է խոսել Ադրբեջանի պարագայում»

Էդվարդ Նալբանդյանի պատասխանները` Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում տրված հարցերին.

Արմեն Ռուստամյան- Հարցս ուղղված է Ձեզ, պարո՛ն Նալբանդյան: Խոսքը վերաբերում է այն դիվերսիոն խմբին, որը վնասազերծվեց Ղարաբաղում: Ես մտահոգություն ունեմ, որ նորից հարցը տեղափոխվի այլ հարթություն, նենգափոխվի էությունը, որովհետև մենք հստակ գիտենք, թե այս հարցի հետ կապված` Ադրբեջանն ինչպիսի քաղաքականություն է վարում, ամբողջությամբ խնդիրը գլխիվայր շուռ տված է ներկայացնում միջազգային հանրությանը` ասելով, որ գոյություն չունեցող պետությունը դատապարտում է գոյություն չունեցած դատարանով չկատարված հանցագործությունը: Եվ եթե խնդիրը տեղափոխվում է մարդասիրական հարթակ, ինչպես դա ներկայացվում է միջնորդության մեջ, Ադրբեջանն ինքն այդ մարդասիրական հարթակից դուրս է գործում, որևէ մարդասիրական հարթակի մասին խոսք լինել չի կարող, որովհետև, ըստ էության, քաղաքականացվել է, և ամեն ինչ, ինչպես միշտ, տեղավորում է իր քարոզչության շրջանակների մեջ:

Եվ եթե մենք ադեկվատ պատասխան չտանք և ադեկվատ ձևով չգործենք, ես տեսնում եմ` քայլեր կատարվում են այդ ուղղությամբ, և շատ քայլեր էլ ճիշտ են կատարվում, բայց, կարծում եմ, պետք է համակարգված այս խնդրին վերաբերվենք: Եվ սա նաև առիթ է, ըստ էության, եթե մենք ուզում ենք բացել, դիմակազերծել Ադրբեջանի կողմից վարվող այս նենգ քաղաքականությունը` գլխիվայր շուռ տալու, հարցերը խեղաթյուրելու, սա, կարծում եմ, նաև հարմար առիթ է, որպեսզի մենք հենց այս օրինակի վրա դա ցույց տանք: Ուրեմն նույն ձևով մենք, կարծում եմ, պետք է պահանջենք, որ իսկապես ճանաչեն, որ ոչ թե գոյություն չունեցող է, այլ հենց գոյություն ունեցող միջազգային սուբյեկտ է, եթե չի ճանաչվել մինչև հիմա, բայց այն դե ֆակտո գոյություն ունեցող անկախ պետություն է, և պարտավոր են դիմել այդ պետությանը: Եվ բացի դրանից, միջնորդները պարտավոր են, առնվազն մեզ դիմելուց առաջ, պահանջել Ադրբեջանից, որպեսզի նա հրապարակավ խոստովանի, որ նրանք հանցագործներ են, երբ պաշտոնական Բաքուն մինչ օրս այդպիսի հայտարարությամբ հանդես չի եկել և դժվար թե հանդես գա: Այս ուղղությամբ ի՞նչ ենք մենք նախատեսում անել:

Էդվարդ Նալբանդյան- Պարոն Ռուստամյան, մի քանի օր առաջ ադրբեջանցի դիվերսանտների կապակցությամբ արձագանքել եմ։ Վերջիններիս հանցագործությունները, իրենց կողմից կատարված սպանությունները բացահայտված, փաստագրված և ապացուցված են, ներառյալ՝ 17-ամյա պատանու առևանգումը, խոշտանգումը և դաժան սպանությունը։

Միջազգային հանրությունը քաջատեղյակ է, թե մարդասպաններին ինչպես են ընդունում և հերոսացնում Ադրբեջանում, ինչպես դա եղավ տխրահռչակ Սաֆարովի դեպքում, և դա միակ դեպքը չէր։

Բնական է, որ քաղաքակիրթ աշխարհը խոսում է մարդասիրության մասին։ Սակայն ի՞նչ մարդասիրության մասին կարելի է խոսել Արդբեջանի պարագայում։ Ադրբեջանում հայտնված քանի՞ հայազգի քաղաքացիական անձինք են ադրբեջանցիների կողմից ահաբեկիչների ոճով տեսախցիկների առջև նվաստացվել, ապա՝ սպանվել։ Կամ այդ ի՞նչ մարդասիրությամբ էին առաջնորդվում Բաքվում, երբ մերժում էին միջազգային կառույցների, ներառյալ՝ Կարմիր խաչի, ԵԱՀԿ-ի, եռանախագահների կոչերը` պայմանններ ստեղծել խոցված ուղղաթիռի անձնակազմի աճյունների տարհանման համար։

Էլ չասած, որ Բաքվի «մեծ մարդասերներն» իրենց հատուկ «մարդասիրությամբ» ամեն օր սեփական քաղաքացիներին են խոշտանգում, և հատկապես նրանց, ովքեր խաղաղության, հանդուրժողականության, հաշտեցման և մարդասիրության ջատագով են։

Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանում յուրովի են ընկալում մարդասիրությունը, իսկ դրա իրական դրսևորումները ծառայեցնում են ատելության և այլատյացության խորացման համար։

Սա է իրականությունը, և դրա մասին ես արձագանքել էի: Իմիջիայլոց, այն ասեկոսեները, թե իբր եռանախագահներն այդ հարցը բարձրացրել են Երևան իրենց վերջին այցելության ժամանակ, այդպիսի բան չի եղել: Եռանախագահները մեզ մոտ այդ հարցը չեն բարձրացրել:

Արմեն Ռուստամյան- Պարո՛ն նախարար, իմ մտահոգությունն այն է, որ Ադրբեջանն այսօր պահանջատիրոջ ձևով է խոսում այդ անձանց վերադարձնելու հարցի հետ կապված, որ նա պահանջում է, որ նրանց վերադարձնեն: Այս ֆոնի վրա, եթե մենք իսկապես հարցի ողջ էությամբ իրականությունը չներկայացնենք և համապատասխան դիվանագիտական լուրջ քայլեր չկատարենք, եթե հանկարծ, Աստված մի արասցե, ես չեմ կարծում, որ մենք այդպիսի քայլի կգնանք` առանց այս ամեն ինչը նկատի ունենալու, վերադարձվի այս խումբը կամ այդ անձինք, դա կնշանակի Ադրբեջանի ամբողջական հաղթանակ քարոզչական դաշտում:

Բայց ես կարծում եմ, որ սա հենց լավ առիթ է, որպեսզի մենք այն պայքարը, որը տանում ենք` հակաքարոզչություն մեր դեմ իրականացնելու այս պայքարը, որ Ադրբեջանը սկսել է, սա լավ առիթ է, որ մենք ծրագրավորված իրար հետ իսկապես աշխատենք, և առնվազն, օրինակի համար, նույն տիկինը չփորձի նենգափոխել` ներկայացնելու համար, որ ռազմագերիների փոխանակման նման մի գործողություն է, և որպես մարդասիրական արարք, երբ դա կատարվի, դա կուժեղացնի մեր դիրքերը: Սա այդ դեպքը չէ: Նրանք ռազմագերիներ չեն: Եվ իրերն իրենց անուններով կոչելով` Դուք շատ լավ ասում եք, որ փաստերն ապացուցված են, դատավարությունն ընթացել է ամբողջությամբ բոլոր նորմերին համապատասխան: Բայց այս ամենը մենք գիտենք կամ գիտեն շատ քիչ շրջանակի մեջ մարդիկ: Այս ամենն աշխարհին ներկայացնելու մասին եմ ես ասում, մեր ճիշտ որդեգրված, մշակված դիվանագիտությունն իրականացնելու մասին եմ ես ասում:

Եվ իսկապես, առաջարկում եմ, որպեսզի մենք, խորհրդարանական դիվանագիտության հարթակն էլ լիարժեք օգտագործելու համար, իրար հետ մշակենք, քննարկենք և գտնենք այն բոլոր հիմնական ասելիքները, ուղղություններն ու թեզերը, որոնք մենք պետք է պաշտպանենք, և մեր պատվիրակությունները պետք է պաշտպանեն միջազգային ատյաններում: Սա է խնդիրը:

Էդվարդ Նալբանդյան- Պարո՛ն Ռուստամյան, Դուք, ըստ էության, ճիշտ եք, բայց բանը նրանում է, որ, կարծես, Ձեր ուշադրությունից վրիպել է այն, որ ինչպես հայտնել են արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին դիվերսանտների հանցագործությունների վերաբերյալ բոլոր փաստարկները մանրամասն ներկայացվել են։ Նույնն արվել է նաև արտերկրում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից։ Նաև համապատասխան հայտարարություններ են եղել։

Ես կխնդրեի զգույշ լինել ձևակերպումներում։ Քանի որ երբ դուք ասում եք՝ «տիկինը ասաց այս և այս»։ Այդ ձևակերպումները չեն հնչել, ինչպես Դուք եք ներկայացնում։ Նայե՛ք, թե ինչպես է ասվել։

ՀՀ ԱԳՆ

Տեսանյութեր

Լրահոս