Ինչպես միացնել Սորբոնն ավարտող Արմենին, Պսկովում գյումթերքներ իրացնող Հայկին, լոլիկի համն ու հոտը հրաշալիորեն ստացող վարպետ Գեղամին ու…
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին.
«Հայաստանում բաց հասարակություն է ստեղծված. յուրաքանչյուր ոք որտեղ ինչ կուզի կասի, ցանկացած միտք առաջ կտանի և քննարկումների մեջ կմտի: Սա իսկապես արժեք ու նվաճում է, որը մենք պետք է կարողանանք պահպանել: Այս հարցում երկու կարծիք լինել չի կարող: Բայց արդյոք այս հնարավորությունը մենք լիարժե՞ք ենք օգտագործում: Իմ կարծիքով, ո′չ:
Այո′, քաղաքական խնդիրները, սոցիալական հիմնահարցերը, Հայաստանի տարբեր անկյուններում տեղի ունեցող դեպքերն ու անարդարություններն իսկապես անմիջապես դառնում են լայն քննարկման ու տարածման առարկա։ Եվ դա նորմալ է: Այդպես էլ պետք է լինի:
Սակայն իմ խորին համոզմամբ դա քիչ է: Արտահայտվելու այսպիսի ազատությունների պայմաններում տրամաբանական կլիներ, որ նույնպիսի ակտիվ քննարկումների կիզակետում լինեին նաև տնտեսության զարգացմանը միտված ամենատարբեր առաջարկությունները, նախաձեռնությունները, մեր երկրի այն հնարավորությունները, որոնք դեռ արդյունավետ չեն օգտագործվում: Ամենևին համաձայն չեմ այն տեսակետին, թե կառավարությունն է միակ պատասխանատուն նոր գործարար մտքերի ու գաղափարների հղացման համար, պետությունը պետք է ամեն ինչ անի, ու մարդկանց համար աշխատատեղ ստեղծի: Համաձայն չեմ և վերջ: Այդպիսի մի երկիր մենք տեսել ենք արդեն. այն այլևս չկա:
Տարեցտարի ավելանում են արտերկրյա լավագույն բուհերում ուսումնառություն առած մեր երիտասարդները, ովքեր հրաշալի տիրապետում են միջազգային փորձի ուսումնասիրման արվեստին: Միևնույն ժամանակ՝ թե մեր որ համայնքը ինչպիսի արտադրական ավանդույթներ ունի, կամ որտեղ ինչ կարելի է ավելի գրագետ աճեցնել, կամ ինչ կարելի է առաջարկել Հայաստան եկողին։ Նման այլ հարցերի շուրջ հրաշալի գաղափարներ ունեցող փորձառու մասնագետներ մեր երկրում իսկապես շատ կան: Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնած մեր հազարավոր հայրենակիցները բոլորից լավ գիտեն, թե որտեղ և ինչ կարելի է արդյունավետ իրացնել այդ մեծ շուկայում:
Ո՞վ և ինչպե՞ս պետք է բոլոր այս սեգմենտները միացնի իրար, աշխատող ու եկամտաբեր գաղափարներ բյուրեղացնի և գործարար ծրագրերի համար հումք տա: Միացնի Սորբոնն ավարտող Արմենին, Պսկովում գյումթերքներ իրացնող Հայկին, լոլիկի համն ու հոտը հրաշալիորեն ստացող վարպետ Գեղամին ու ներդրումային ծրագրեր փնտրող իքս ընկերությանը: Կարծում եմ՝ առաջին հերթին՝ բաց հասարակությունը: Հանրային քննարկումը կարող է մի տեղ հավաքել ու կապել բոլոր այդ մարդկանց: Սա մի թեմա է, որի շուրջ ես հրավիրում եմ բոլորի ուշադրությունը, հատկապես մեր երիտասարդ լրագրողների և ակտիվ մարդկանց: Համոզված եմ, որ եթե լրջորեն լծվենք նման բանավեճի ծավալմանը, ապա հաստատ արդյունքներ կունենանք՝ օգուտ տալով մեր երկրին ու տնտեսությանը: