«Ինչո՞ւ ԱՄՆ-ն մարդասիրություն չի իրականացնում Գուանտանամոյի ձերբակալված ահաբեկիչների նկատմամբ». Դավիթ Բաբայանը հակադարձում է Փսակիին

«Արցախը ադրբեջանցի դիվերսանտներին Ադրբեջանին վերադարձնելու հնարավորություն չի տեսնում»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն` անդրադառնալով այս անգամ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակիի` դիվերսանտներին Ադրբեջանի կառավարությանը վերադարձնելու մասին կոչին:

Դավիթ Բաբայանը նշեց, որ դիվերսանտների հարցով որևէ հարց Արցախը չի քննարկում, իսկ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչող հորդորներին վերաբերում է պարզապես որպես կոչերի, որոնք ԱՄՆ պետքարտուղարությունն, ըստ Բաբայանի՝ ամենայն հավանականությամբ հնչեցնում է Ադրբեջանի խնդրանքով: Թեև Բաբայանը չի բացառում, որ ԱՄՆ մարդասիրական ժեստերն այսպիսի քայլերով է պատկերացնում:

«Մենք բազմիցս ասել ենք, որ այդ մարդիկ կատարել են ծանր հանցագործություն, տեղի է ունեցել բաց և թափանցիկ դատավարություն և մենք մեր մարդասիրությունն արդեն իսկ ցույց ենք տվել, քանի որ հաշվեհարդար չենք իրականացրել տեղում, այլ իրականացրել ենք ժողովրդավարական և քաղաքակիրթ երկրին վայել դատավարություն: Կրկնում եմ, որ այդ մարդիկ հնարավորություն են ունեցել իրենց կարծիքները արտահայտել հանրային կերպով, քանի որ այդ բաց և թափանցիկ դատավարությունների ժամանակ եղել են և մարդու իրավունքների պաշտպաններ, և ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Սա արդեն իսկ ցույց է տալիս մեր մարդասիրույունն ու վճռականությունը նման բոլոր հանցագործություններն այս ձևով պատժելու վերաբերյալ»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը:

Նա կրկնեց իր կողմից ավելի վաղ շրջանառության մեջ դրված առաջարկը. «Եթե Սաֆարովին պատրաստակամ լինեն վերադարձնել,միգուցե մենք փոխանակում կատարենք: Այլ կերպ հնարավոր չէ: Իսկ նման կոչերն անհրաժեշտ է Ադրբեջանին ուղղել, ավելի Ռամիլ Սաֆարովի նման տականքներին հերոսացնելու համար լուրջ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, այլ ոչ թե նման կոչերով հանդես գալ»:

Անդրադառնալով փորձագետներից մեկի գնահատականին, թե դիվերսանտներին ԱՄՆ կոչի համաձայն վերադարձնելը կարելի է օգտագործել հօգուտ հայկական կողմերի` ասաց, որ դիվերսանտներին վերադարձնելը մարդասիրական դրսևորում և ժեստ չէ:

«Ի՞նչ մարդասիրության դրսևորում, երբ կա օրենք, ժողովրդավարական սկզբունքներ, մենք հենց այդ սկզբունքներով և օրենքներով ենք առաջնորդվել: Հիմա ինչու հանցագործների, ահաբեկիչների, Բեն Լադենի համախոհների, Գուանտանամոյում ձերբակալված մարդկանց մի մասի նկատմամբ մարդասիրություն չի ցուցաբերվում: Եթե նման բան լիներ, ես կհասկանայի ԱՄՆ այս մոտեցումը, իսկ եթե չկա նման նախադեպ, ապա մենք առաջնորդվելու ենք ժողովրդավարական սկզբունքներով և օրենքներով: ԱՄՆ-ն այդ հարցը բարձրացնում է, բայց չեմ կարծում, թե դա բխում է ԱՄՆ շահերից և ԱՄՆ-ն սկսի ճնշումներ գործադրել երկու հանցագործի համար»,- նման տեսակետ հայտնեց Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցում անդրադարձել է ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի ու Շահբազ Գուլիևի խնդրին, ինչը տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ լրագրողներից մեկը համապատասխան հարցով դիմել է նրան:

Լրագրողը Փսակիին նախ հիշեցրել է, որ ոչ վաղ անցյալում Բաքու կատարած այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդն իշխանական մարմիններին կոչ է արել հումանիտար ժեստ ձեռնարկել նրանց հարցում: Լրագրողը Փսակիին խնդրել է մանրամասնել, թե ինչ ժեստ է նկատի ունեցել Նուլանդը և ընդհանրապես ներկայացնել ԱՄՆ-ի դիրքորոշումն այդ հարցում: Փսակին հայտարարել է. «Մենք նախկինում էլ դեսպան (ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս) Ուորլիքի և մյուսների միջոցով կողմ ենք արտահայտվել այդ բանտարկյալներին Ադրբեջանի կառավարությանը հանձնելուն: Մենք-նա (Նուլանդը) նույնպես համապատասխան մարմիններին համառորեն կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերադարձնել երկու բանտարկյալներին:

Անցյալում կողմերը սովորաբար ուղիներ գտել են՝ բանտարկյալներին վերադարձնելու համար՝ որպես հումանիտար ժեստ: Այդպիսի հումանիտար այդ ժեստերն արվել են՝ նվազեցնելու համար լարվածությունն ու ամրապնդելու համար կողմերի միջև վստահությունը: Ահա, թե ինչ է նկատի ունեցել նա»:

Տեսանյութեր

Լրահոս