Լատվիան նպաստելու է Բրյուսելու ու Մինսկի հարաբերությունների ամրապնդմանը. Ռինկևիչս
ZN.UA-ի փոխանցմամբ` Լատվիայի կառավարությունը պատրաստվում է 2015 թվականի մայիսին Ռիգայում անցկացնել ԵՄ-ի ու նրա «Արևելյան գործընկերություն» ծրագրին մասնակից հետխորհրդային երկրների ներկայացուցիչների գագաթաժողով:
Լատվիայի գլխավոր նպատակներից մեկը ԵՄ-ի ու Բելառուսի միջև երկխոսության հաստատումն է: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչսն է.
«Մենք ունենք կոնկրետ գաղափարներ: Դա վերաբերում է թե վիզային ռեժիմի դյուրացմանը, թե քաղաքական ու տնտեսական առավել սերտ հարաբերություններին: Լատվիան` որպես ԵՄ-ում նախագահող երկիր, նպաստելու է Բրյուսելու ու Մինսկի հարաբերությունների ամրապնդմանը»:
Սրանից առաջ հաղորդվել էր, թե Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը բաց է ՆԱՏՕ-ի հետ կառուցողական երկխոսության համար: