«Գագիկ Ծառուկյանի յուրաքանչյուր որոշում մեր կողմից ընդունելի է». ԲՀԿ Երիտասարդների միություն
ԲՀԿ Երիտասարդների միության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որտեղ իր աջակցությունն է հայտնում ԲՀԿ քաղխորհրդի որոշմանը:
Հայտարարությունում ասվում է.
«Տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների միության Գործադիր մարմնի նիստը: Մենք միանում ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի որոշմանը, եւ հայտարարում, որ երբեւէ չենք տրվել արկածախնդրության եւ այս պահին, երբ թուրքն ու ադրբեջանցին լցված են հայ ազգի արյան ծարավով, երբ սահմանում այսպիսի լարված իրավիճակ է, մենք մեր գործողություններում լինելու ենք առավելագույնս կշռադատված:
Տեսանելի էր, որ երկրում ստեղծված իրավիճակը տանելու էր դեպի արյունահեղության եւ զանգվածային ձերբակալությունների, ինչպիսիք արդեն եղել են: Ինչպես նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, մեր կուսակցության համար թանկ է յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը, եւ ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, մեր յուրաքանչյուր գործողություն լինելու է օրենքի տառին համապատասխան:
Հավելենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի յուրաքանչյուր որոշում եւ գործողություն մեր կողմից ընդունելի եւ ողջունելի է: