«ՌԴ գլխավոր դատախազությունը Գեւորգ Կոստանյանից նամակ չի ստացել».ԳԱԼԱ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն այն կարծիքին է, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը նամակ չի ուղարկել իր ռուսաստանցի գործընկերոջը: Նախ այն պատճառով, որ ՌԴ դատախազությունը ոչինչ չգիտի այդ նամակի մասին: Հասարակական կազմակերպությունը փորձել է տեղեկություն ստանալ ՌԴ դատախազությունից, սակայն պարզել է, որ նրանք որեւէ նամակ չեն ստացել եւ որեւէ տեղեկություն չունեն, որ այդպիսի նամակ է իրենց ուղարկել ՀՀ գլխավոր դատախազը:
«ՌԴ գլխավոր դատախազությունը Գեւորգ Կոստանյանից նամակ չի ստացել: Նամակն ուղարկվել է փետրվարի 3-ին: Նամակը ո՞նց է գնում, որ երկու շաբաթում չի հասնում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Դանիել Իոաննիսյանը:
Մյուս հանգամանքը, որ կասկած է հարուցում, դա ՀՀ դատախազության համառ կեցվածքն է: Չնայած բոլոր հարցումներին՝ հրապարակել ուղարկված նամակի բովանդակությունը՝ ՀՀ դատախազությունը հրաժարվում է:
Ավելին, ՀՀ դատախազությունը տարածեց հաղորդագրություն, որում մասնավորապես ասված էր.
«Ինչ վերաբերում է նամակն ուղարկելու և դրա բովանդակության վերաբերյալ կասկածներին և շրջանառվող այլ անհեթեթ լուրերին, նշենք, որ նպատակահարմար չենք գտնում անդրադառնալ, առավել ևս մեկնաբանել դրանք»:
«Գոյություն ունի տեղեկատվության ազատության մասին օրենք: Ի հեճուկս օրենքի պահանջների, գլխավոր դատախզությունը չի հրապարակում այդ նամակի պատճենը՝ ո՛չ «Իրազեկ քաղաքացիների միավորմանը», ո՛չ լրատվամիջոցներին: Որեւէ մեկին չի տրամադրում եւ խախտում է այդ օրենքը: Եթե գլխավոր դատախազը դիմած լիներ եւ այդ նամակը նորմալ, ադեկվատ նամակ լիներ, որեւէ մոտիվ չէր լինի այդ օրենքը խախտելու եւ դրա արդյունքում դատարանում հայտնվելու»,- ասում է Իոաննիսյանը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: