ՀՀԿ-ական պատգամավորը հորդորում է լուրջ վերաբերվել միայն Սերժ Սարգսյանի ելույթին
«Ես շատ հանգիստ եմ վերաբերվում այդ ամեն ինչին, կարծում եմ՝ նաև մեր հանրությունը պետք է շատ լուրջ չընդունի ամեն ինչ և շատ ծանր չտանի: Քաղաքականություն է, և քաղաքականությունը շատ հետաքրքիր շրջադարձեր ունենում»,- այսօրվա ասուլիսի ժամանակ՝ խոսելով ներքաղաքական զարգացումների, մասնավորապես՝ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը:
Հարցին՝ ինչի՞ն պետք է լուրջ չվերաբերել՝ Սերժ Սարգսյանի ելույթի՞ն, Գագիկ Ծառուկյանի պատասխանի՞ն, թե՞ առհասարակ նրանց հետ կապված ամեն ինչին, Լ.Մարտիրոսյանն այսպես պատասխանեց.
«Սերժ Սարգսյանի ելույթին պետք է վերաբերել շատ լուրջ, ես այդ ելույթն ամբողջությամբ բարձր եմ գնահատում և համաձայն եմ նրա հետ: Իսկ Գագիկ Ծառուկյանի ելույթը երբևէ չեմ մեկնաբանել ու չեմ մեկնաբանելու»:
Հարցին էլ՝ հիասթափություն չկա՞ հասարակության մոտ այս ամենից հետո, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես պատասխանեց.
«Ես հիասթափված չեմ: Մեր ժողովուրդը թող չհիասթափվի այսպիսի բաներից, նախ չպետք է ոգևորվի ի սկզբանե, որ հետո էլ հիասթափվի, այդ էր պակաս, այսպիսի բաներից հիասթափվի մեր ժողովուրդը»: