Մի շարք երկրներ արդեն իսկ զենք են մատակարարում Ուկրաինային. Պուտին
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բուդապեշտում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մի շարք երկրներ արդեն իսկ զենք մատակարարում Ուկրաինային:
Երբ լրագրողներից մեկը նրան հարցրել է, թե Ռուսաստանն ինչպես կարձագանքի Ուկրաինային զենք մատակարարելու հնարավորությանը, Պուտինը հայտարարել է, որ իրենց տվյալներով զենք արդեն իսկ մատակարարվում է: Պուտինն ընդգծել է, որ միջազգային հանրության կողմից Ուկրաինային զենք մատակարարելն արմատականորեն չի փոխի իրավիճակը Դոնբասում, և որ դա կարող է միայն մեծացնել զոհերի թիվը.
«Ուկրաինացի զինծառայողների մեծ մասը չի ցանկանում մասնակցել եղբայրասպան պատերազմին: Դրա հետ մեկտեղ աշխարհազորայիններն ունեն ուժեղ ցանկություն՝ պաշտպանելու իրենց տարածքը»:
Պուտինի խոսքերով՝ Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների շարունակման համար պատասխանատվություն են կրում ուկրաինական իշխանությունները: Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները երրորդ անգամ են որոշում ընդունում ռազմական գործողություններ սկսելու մասին: