Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ Վրաստան և հաղթել խորհրդարանական ընտրություններում

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով  գտնվում է Ուկրաինայում, հայտարարել է, որ մտադիր է իր համակիրների հետ վերադառնալ Վրաստան և հաղթել խորհրդարանական ընտրություններում:

Սաակաշվիլին այդ մասին հայտարարել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում: Նա այդ կերպ հերքել է մի շարք ԶԼՄ-ների ու քաղաքական գործիչների պնդումները, թե ինքն ու իր կողմնակիցները մտադիր են Վրաստանում իրականացնել հեղաշրջում: Սաակաշվիլին ընդգծել է, որ իրենք իշխանության կվերադառնան ընտրությունների ճանապարհով.

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Վրաստանում, աղետ է: Ներկայիս իշխանությունները երկիրը հասցրել են աղքատության»: Սաակաշվիլին Վրաստանի գործող իշխանությունների ձախողումները բացատրել է դեպի Ռուսաստան նրանց կողմնորոշմամբ:

Սաակաշվիլին վստահություն է հայտնել, որ շատ բան կախված կլինի Ուկրաինայում դեպքերի զարգացումից: Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2016 թվականի աշնանը:

Փետրվարի 17-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը Սաակաշվիլու արտահանձնման խնդրանքով դիմել է Ուկրաինայի գլխավոր դատախազությանը: Փետրվարի 13-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով Սաակաշվիլին նշանակվել է նրա արտահաստիքային խորհրդական:

Տեսանյութեր

Լրահոս