Մենք պետք է Վրաստանը եվրոպական երկիր դարձնենք մինչև 2030 թվականը. Իվանիշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է տնտեսական նոր թիմ ստեղծելու մասին, որը կուսումնասիրի կասկածելի մրցույթները:
Իվանիշվիլին այդ կերպ է պատասխանել ընդդիմության այն քննադատություններին, թե տեղական իշխանությունները կատարելապես հանդես չեն գալիս նախաձեռնություններով, իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները գրեթե վերածվել են ֆեոդալների:
Իվանիշվիլին հայտարարել է, որ չի կարող համաձայնվել նրա հետ, որ պատգամավորները վերածվել են ֆեոդալների: Նա չի բացառել, որ կարող են լինել նմանատիպ երևույթներ, սակայն դրանք չեն հասնում սպառնալից մասշտաբի: Իվանիշվիլին հիշեցրել է, որ իր վարչապետության ժամանակ այդ թեմայի շուրջ կոշտ խոսակցություն է ունեցել մի շարք պատգամավորների հետ.
«Հասարակական կարծիքը պետք է մասնակցի ամեն ինչի ու ամենուրեք: Դա կհեշտացնի կառավարության ու վարչապետի՝ առավել արդյունավետորեն աշխատելը: Մենք ցանկանում ենք բարձրացնել որակը:
Յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա պատասխանատվություն: Արդյունքում մենք պետք է ստանանք եվրոպական պետություն ու դրան հասնելու առավելագույն ժամկետը 2030 թվականն է: Դրա համար անհրաժեշտ են յուրաքանչյուր քաղաքացու ջանքերը»: