Ադրբեջանը ԼՂ-ի հարցում «օբյեկտիվ ու ադեկվատ վերաբերմունք» է ակնկալում ԱՄՆ-ից

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի խորհրդարանի` արտաքին կապերի հանձնաժողովում երեկ քննարկվել են ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները: Այդ բանավեճերը դարձել են փետրվարի 12-ին ԱՄՆ Կոնգրեսում նման թեմայով անցկացված լսումների պատասխանը:

Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովը երկու երկրների միջև հարաբերությունները որակել է որպես «ռազմավարական գործընկերություն»: Հիշեցնելով մի շարք ոլորտներում երկու երկրների համագործակցության մասին` Սեիդովը հայտարարել է, որ իրենք օբյեկտիվ ու ադեկվատ վերաբերմունք են սպասում ԱՄՆ-ից, ինչը հատկապես վերաբերվում է Ղարաբաղյան հակամարտությանը:

Սեիդովը դրանով իսկ ակնարկել է տվյալ հարցում ԱՄՆ-ի «օբյեկտիվ չլինելու» մասին: Նա դրա պատճառը տեսնում է Հայկական լոբբիի ակտիվ գործողություններում: Ապա նա մեղադրել է աշխարհաքաղաքական ինչ-ինչ շրջանակների, որոնք մարդու իրավունքների հարցը բարձրացնում են որպես գործիք. «Մարդու իրավունքները խաղալիք ու զենք չպետք է լինեն պետության նեղ շրջանակի ձեռքում»:

Բանավեճի ժամանակ կառավարամետ փորձագետներն ու պատգամավորներն ԱՄՆ-ին մեղադրել են ԼՂՀ-ին ֆինանսական օգնություն ցուցաբերելու և նրա մի շարք նահանգների կողմից ԼՂՀ-ը ճանաչելու համար: Մեկնաբան Էլման Նասիրովը հայտարարել է, որ եթե իրավիճակը չփոխվի, ապա Բաքվին ու Վաշինգտոնին սպասում են լուրջ փորձություններ:

Պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «երկակի ստանդարտներ է կիրառում» ոչ միայն Ադրբեջանի, այլև` Ուկրաինայի հանդեպ: Նա հայտարարել է, որ Վաշինգտոնը չի աջակցում Կիևին, ով կորցրել է Ղրիմը, զենք չի մատակարարում նրան և պահանջում է բանակցել անջատողականների հետ:

 

Տեսանյութեր

Լրահոս