Փեշմերգայի ուժերը երեք կողմից օղակել են Մոսուլը
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Փեշմերգայի (Հյուսիսային Իրաքի քրդերի զինված ջոկատներ) երեք կողմից շրջապատել են «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող Մոսուլ քաղաքը:
Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլի օղակումն իրականացվել է քաղաքը զինյալներից ազատագրելու գործողության շրջանակներում: Փեշմերգայի Գլխավոր շտաբի պետ Ջամալ Մուհամմեդը հայտարարել է, որ վերջին ամիսներին Փեշմերգային հաջողվել է զգալի հաջողությունների հասնել զինյալների դեմ պայքարում:
Այժմ Փեշմերգայի ուժերը Մոսուլն օղակել են արևելքից, արևմուտքից ու հյուսիսից` զինյալներին ամբողջովին կտրելով այդ շրջաններից: Գեներալի խոսքերով` իրենց ջոկատները ներկայումս գտնվում են քաղաքի անմիջական մերձակայքում. ճակատի մի շարք հատվածներում նրանք գտնվում են Մոսուլից 10-15 կիլոմետր հեռավորության վրա:
Ներկա դրությամբ Փեշմերգայի ուժերը «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարում են Իրաքյան Քրդստանի սահմաններից բավական հեռու: Նրանք արդեն իսկ փաստացիորեն վերահսկում են նավթային պաշարներով հարուստ Քիրքուքի նահանգը: