ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան փակել են Եմենում իրենց դեսպանատները
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան փակել են Եմենում իրենց դեսպանատները՝ կապված այդ երկրում տիրող քաղաքական անկայուն իրավիճակի հետ:
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին հայատարարել է, որ Եմենում տիրող իրավիճակը վկայում է այն մասին, որ հանրապետությունում կարող են վերսկսվել բռնությունները, և որ դա վտանգ է ներկայացնում դիվանագիտական կորպուսի համար:
Եմենում Գերմանիայի դեսպանատան աշխատակիցները հայտնել են, որ դեսպանատունը շուտով կարող է դադարեցնել իր գործունեությունը: Գերմանացի դիվանագետները հայտնել են, որ ներկայումս նրանք ձերբազատվում են կարևոր փաստաթղթերից:
Այսօր Եմենի Թաիզ քաղաքի փողոցներ են դուրս եկել հազարավոր ցուցարարներ՝ բողոքելով երկրում պետական հեղաշրջում իրականացրած շիա զինյալների դեմ: Նմանատիպ հանրահավաք անցկացվել է նաև հանրապետության մայրաքաղաք Սանայում: