Բաժիններ՝

Արթուր Սաքունցը դժգոհեց ՀՔԾ-ից. «Մեզ ասում են՝ «դուք իրավունք չունեք մեզ թելադրել»»

«Մենք տեսնում ենք, որ հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացված հիմնական, հիմնարար նշանակություն ունեցող խնդիրներին, որոնք վերաբերում են մարդու իրավունքների խախտումներին, պատասխանատու անձանց բացահայտման և պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններին, բացարձակապես համարժեք վերաբերմունք չկա: Մենք տեսնում ենք, որ մեր մասնակցությունը մարդու իրավունքների բնագավառում պետության վերցրած հանձնառության շրջանակներում ունի բացարձակապես 0 նշանակություն»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների իրավիճակը 4.5 տարին մեկ պարբերականությամբ ուսումնասիրվում է ՄԱԿ-ի անդամ հանդիսացող 193 երկրներում: Պետությունները ներկայացնում են իրենց զեկույցները՝ նշելով, թե ինչ աշխատանքներ են տարել Մարդու իրավունքների ոլորտում բարելավումներ կատարելու ուղղությամբ: Դրան զուգահեռ՝ յուրաքանչյուր պետությունում գործող հասարակական կազմակերպությունները ներկայացնում են իրենց այլընտրանքային զեկույցները մարդու իրավունքների խախտումների և բարեփոխումների վերաբերյալ: Այս տարի հունվարի 22-ին՝ հերթական զեկույցի ներկայացման ժամանակ, ՄԱԿ-ի անդամ երկրներն իրենց գնահատականն էին տվել. ամփոփելով և հաշվի առնելով Հայաստանի ներկայացրած զեկույցները՝ իրենց հանձնարարականներն էին ուղղել Հայաստանին:

2012 թվականի օգոստոսին Մարդու իրավունքների կոմիտեն ուսումնասիրեց և քննարկեց Հայաստանի կողմից քաղաքացիական, քաղաքական իրավունքների կողմից միջազգային պաշտոնագրով նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքը: Կոմիտեն Հայաստանին ուղղեց մոտ 25 հանձնարարական, և կառավարությանը 4 տարի ժամանակ տրվեց այդ 25 հանձնարարականների իրագործման ուղղությամբ աշխատելու համար: Այդ 25 հանձնարարականներից 3-ը կոմիտեն ճանաչեց առաջնահերթ, և դրանց իրագործման ուղղությամբ աշխատելու համար պետությանը տրվեց 12 ամիս՝ 1 տարի: Սակայն 2014 թվականի մարտին հանձնաժողովը եզրակացրեց, որ այդ 3 հանձնարարականները չեն կատարվել:

Ըստ Ա. Սաքունցի՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պատշաճ կամք չեն դրսևորում այդ խնդիրների լուծման ուղղությամբ: «Մարտի 1-ի հանցագործության բացահայտման ուղղությամբ պատասխանատու մարմինը՝ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ), պատասխանում է, որ հասարակական կազմակերպությունն իրավունք չունի թելադրելու ՀՔԾ-ին: Մենք առաջարկել էինք հարցաքննել Մարտի 1-ի, ընդ որում՝ քաղաքացիական հասարակության ինստիտուտների կողմից ձևավորված ցուցակում ընդգրկված պաշտոնատար անձանց՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, Հայկ Հարությունյանին, Սեյրան Օհանյանին, Միքայել Հարությունյանին… Մեզ ասում են՝ «դուք իրավունք չունեք մեզ թելադրել»: Բայց մենք ոչ թե թելադրում ենք, այլ առաջարկում ենք»:

Ա. Սաքունցի խոսքով՝ դատական իշխանությունները բացարձակապես մատը մատին չեն խփում. «UPR-ի (Համընդհանուր պարբերական դիտարկում) զեկուցման ժամանակ Գերմանիայի ներկայացուցիչն ուղղակի ասաց՝ պետք է դադարեցնել Հանրապետության նախագահի կողմից դատավորների նշանակման և ազատման իրավասությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս