«Մարտիմեկյան վտանգը» Գյումրիում

Գարնան գալուն հայերիցս շատերն ենք սպասում: Գարնանը անհամբեր սպասելու շարժառիթները յուրաքանչյուրիս մոտ տարբեր են: Տնակային ավաններում իրենց գոյությունը մի կերպ պաշտպանող գյումրեցիներն անհամբեր սպասում են, որ դուրս գան ձմեռային մղձավանջից ու արևկող անեն խոնավությունից փտած իրենց կացարանները, հողագործը՝ որ դաշտն ու այգին մշակի, շինարարը՝ իր կիսատ թողած պատը շարի, և այդպես շարունակ:

Սակայն գարնան գալուն անհամբեր սպասող մի մեծ խումբ էլ կա: Կուսակցություններն ու քաղաքական առաջնորդներն են: Նրանք էլ օր առաջ ցանկանում են հայտարարել միտինգների հերթական շրջանի բացումը: Բնականաբար հավատարիմ մնալով նախորդ տարիների ավանդույթին, նրանցից շատերը հանրահվաքային շրջանի բացումն անելու են Գյումրիում: Առավել ևս հիմա Գյումրու բնակչությունը փողոց դուրս գալու կրկնակի առիթ ունի՝ քաղաքում տիրող սոցիալական ծայրահեղ ծանր վիճակն ու հունվարյան ողբերգությունը: Ուզում եմ անդրադառնալ առանց այն էլ գերլարված նյարդերով մարդկանց կրկնակի բորբոքելու ու մի տեղ հավաքելու հնարավոր հետևանքներին: Հետևանքներ, որոնք կարող են լինել ամենաանկախատեսելին: Գիտեմ, որ ինձ չեն լսելու քաղաքական առաջնորդները, սակայն կցանկանայի նրանց ուշադրությունը բևեռել մի քանի կարևորագույն խնդիրների վրա:

Գյումրին որքան էլ համարվի ռուսամետ տրամադրություններ ունեցող բնակավայր, այնուամենայնիվ հունվարյան ողբերգությունից առաջացած վերքը խորն է ու դեռ չսպիացած: Այնպես որ՝ ամենաարդիական թեմաներից մեկի՝ հայ-ռուսական հարաբերությունների բարձրաձայնումը Գյումրիում կարող է բերել սրացումների: Իսկ նման դեպքերում միշտ կգտնվի բորբոքված մարդկանց խումբ, որոնք կրկին կցանկանան հանրահավաքից բաժանվել ու ընտրել պայքարի առավել կոշտ մեթոդներ՝ շարժվելով, ասենք, ռազմաբազա կամ առնվազն ռուսական հյուպատոսարան: Կարծում եմ չարժե մոռանալ, որ հենց Գյումրիում են բնակվում հարյուրավոր ռուս սպաներն իրենց ընտանիքներով հանդերձ: Իսկ հնարավոր սադրանքներից խուսափելը ոչ մեկը չի կարող երաշխավորել: Մի խոսքով, հայաստանյան կուսակացական առաջնորդներին խորհուրդ եմ տալիս Գյումրիում հանրահավաքներ կազմակերպելուց առաջ մի լավ մտածել օրակարգային հարցերի ու կազմակերպչական խնդիրների մասին: Հավատացեք, մի քաղաքի համար եղած ողբերգություններն էլ շատ ու շատ են:

Վահան Թումասյան

 

Տեսանյութեր

Լրահոս