Բաժիններ՝

ԲՀԿ-ի հայտարարությունը. Կատարվածի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է երկրի քաղաքական իշխանության վրա

Երեկ՝ փետրվարի յոթին, մի խումբ դիմակավոր անձիք, ինքնաձիգով զինված, Երևան քաղաքի կենտրոնից առևանգել եւ մոտ հինգ ժամ դաժան ծեծի են ենթարկել «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանին:

Մենք սա գնահատում ենք որպես քաղաքական ուժերին և հասարակությանն ուղղված լկտի եւ ցինիկ մարտահրավեր: Միանշանակ է, որ կատարվածի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է երկրի քաղաքական իշխանության վրա:

Երկրում ստեղծված գանգստերական մթնոլորտի և ամենաթողության հիմնական մեղավորը համարում ենք երկրի բարձրագույն քաղաքական իշխանությանը, ովքեր կրում են նաև անձնական պատասխանատվություն այս ամենի համար:

Երկրում կուտակված խնդիրները լուծելու, պետության և ժողովրդի առջեւ ծառացած ծանրագույն մարտահրավերները դիմագրավելու, երկրում ներքին համերաշխության մթնոլորտ ապահովելու փոխարեն քաղաքական իշխանությունն ընտրում է դարանակալած առևանգման, թիկունքից հարվածելու, ծեծի թուլամորթ գործելաոճը:

Անհապահ պահանջում ենք իրավապահ մարմիններից՝ ամենասեղմ ժամկետներում բացահայտել այս և վերջին շրջանի բոլոր պատվիրված հարձակումները քաղաքական, հասարակական գործիչների եւ ակտիվիստների վրա: Երեկ ամբողջ օրը Հայաստանի բոլոր մարզերից, քաղաքներից մենք ստացել ենք ԲՀԿ կառույցների, համաժողովրդական շարժման գրասենյակների և բազմաթիվ քաղաքացիների առաջարկները՝ Հայաստանի տարբեր ծայրերից անմիջապես տասնյակ հազարներով շարժվել դեպի Երևան:

ԲՀԿ քաղխորհուրդն այս պահին խնդրում է ձեռնպահ մնալ նման քայլերից: Միևնույն ժամանակ մենք կոչ ենք անում գրասենյակների ներկայացուցիչներին և մեր ակտիվիստներին՝ կտրուկ ակտիվացնել աշխատանքները տեղերում՝ ժողովրդի մեջ, համաժողովրդական ընդվզման միասնական օր անցկացնելու համար: Թող որեւէ մեկի մտքով չանցնի, թե Արտակ Խաչատրյանի և մյուս քաղաքական-հասարակական ակտիվիստների դեմ բռնությունները մնալու են անպատիժ:

Պատժվելու են թե՛ կատարողները, թե՛ պատվիրատուները: Եթե դա չի անում իրավապահ համակարգը, ապա դա անելու է ժողովուրդը: Ակնհայտ է, որ իշխանությունները կորցնում են իրականության զգացումը և առաջնորդվում են բացառապես հոգեվարքային քայլերով: ԲՀԿ քաղխորհուրդը առաջարկում է ԲՀԿ ԱԺ խմբակցությանը՝ մինչև դեպքի լիակատար բացահայտումը, մինչեւ մեղավորներին պատժելը՝ քննարկել Ազգային Ժողովի աշխատանքները բոյկոտելու հարցը, սկսել անհապաղ խորհրդակցություններ ԱԺ այլ խմբակցությունների հետ՝ համակարգելու առաջիկա միասնական քայլերը:

ԲՀԿ քաղխորհուրդ

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս