Լևոն Զուրաբյանը «թռուցիկ» է հետևել Գագիկ Ծառուկյանի խորհրդաժողովին

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով՝ ինքը «թռուցիկ» է հետևել երեկ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին: Այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ Լ.Զուրաբյանը նշեց, թե արդեն ասել են, որ իրենց համար ողջունելի է ցանկացած ջանք, որն ուղղված է ՀՀ-ում շուտափույթ իշխանափոխությանը: Ըստ Զուրաբյանի՝ ՀԱԿ-ի համար ԲՀԿ-ն շատ վստահելի գործընկեր է:

«Գագիկ Ծառուկյանի ելույթը իսկապես առաջընթաց է և ուզում եմ ընդգծել, որ առաջին անգամ ԲՀԿ-ն, Գագիկ Ծառուկյանը հրապարակային հարց դրեցին ՀՀ-ում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման վերաբերյալ: «Եռյակի դաշինքը բավականին արդյունավետ դաշինք է: Իսկ ՀԱԿ-ԲՀԿ դաշինքը շատ արդյունավետ է, կան բնականաբար տարբեր մոտեցումներ մարտավարության հարցում, ՀԱԿ-ը կողմնակից է ավելի արմատական լուծումների: Ճիշտ քայլը ստեղծված իրավիճակում կլիներ ընդվզումը, որ կղեկավարվեր համաժողովրդական շարժման կողմից, ՀՀ-ում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացման նպատակով: Իսկապես պետք է պարտադրենք իշխանությանը, որ հեռանան: ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի դիրքորոշումներն աստիճանաբար մերձենում են և մարտավարական տարբերությունները գնալով հարթվում են ու նեղ են դառնում: Ծառուկյանի ելույթը ևս մեկ քայլ էր այդ տարբերությունները հարթելու ուղղությամբ: Առանձին վերցրած ոչ մի ուժ ոչինչ չի կարող անել և դրա համար գնում ենք փոխզիջումներ գտնելու ուղղությամբ»,- ասաց խորհրդաժողովին «թռուցիկ» հետևած Լ. Զուրաբյանը:

Զուրաբյանը նշեց, որ առաջիկայում եռյակի ղեկավարների հանդիպմանը փոխզիջումներ կգտնեն, որ հզոր հանրահավաքային ժողովրդական ալիք լինի, որը կբերի ՀՀ-ում իշխանափոխության:

Տեսանյութեր

Լրահոս