«Ավոյին մի երկու հատ տվինք, ասի՝ դավայ, հելի, ռադդ քաշի ստուց». ինչ է տեղի ունեցել Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքների քննությունը: Փաստաբանը դատարանում վիճարկում է որոշումները, որոնցով դադարեցվել էր քրեական հետապնդումը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ, ինչպես նաև քրեական հետապնդում չէր իրականացվել 2013թ. հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի նկատմամբ:

Այսօր դատական նիստի սկզբում փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ քննարկել են իրենց ապագա անելիքներն այն առումով՝ արդյոք Հայաստանի ներպետական ատյաններին համարո՞ւմ են՝ որպես արդյունավետ միջոց: «Մենք եկանք այն համոզման, որ՝ այո՛, մեր դատական ատյաններն այս փուլում մեզ համար արդյունավետ պաշտպանության միջոց չեն հանդիսանում»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ իրենք իրենց գործողությունները կկառուցեն այն տրամաբանությամբ, որ առանց ներպետական միջոցները սպառելու՝ գանգատ կներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան.

«Ընդամենը սպասում ենք մեր գրությունների պատասխաններին. մենք նախագահի, կառավարության աշխատակազմերից, Արդարադատության նախարարությունից խնդրել էինք պաշտոնապես հաստատել տվյալները, որ նշված անձինք այն աստիճան մտերիմ հարաբերությունների մեջ են գտնվում Սուրիկ Խաչատրյանի և նրա որդու հետ, որ մասնակցում են նրանց հարսանիքին: Այդ պաշտոնական փաստաթուղթը ստանալուց հետո մենք մտադրված ենք անմիջապես արդեն դիմել Եվրոպական դատարան՝ այլևս մեր դատական ատյանները չհամարելով արդյունավետ պաշտպանության միջոց, բայց դրա հետ մեկտեղ՝ մենք որոշել ենք, որ, այնուամենայնիվ, դրա հետ զուգահեռ՝ մենք մեր դատարաններում մեր գործերը կշարունակենք վարել՝ մեր ատյանները, սակայն, չհամարելով արդյունավետ պաշտպանության միջոց: Մենք այս փուլում չենք հրաժարվում դատարան ներկայացված մեր բողոքներից, պնդում ենք մեր բողոքները և պատրաստ ենք դրանք հիմնավորել»:

Հայկ Ալումյանն այսօր դատարանում լրացրեց իր բողոքները՝ անդրադառնալով մի քանի դրվագների: Փաստաբանը նախ՝ անդրադարձավ Սդղի գյոլ կոչվող տարածքից վերադառնալիս՝ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում տեղի ունեցածին: Նա նշեց, որ քննությունը հիմնվել է այն վարկածի վրա, որ Սդղի գյոլ կոչվող տարածքից վերադառնալիս՝ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում Ավետիք Բուդաղյանին ծեծի է ենթարկել միայն Զարզանդ Նիկողոսյանը, և ծեծի պատճառը եղել է չնչին առիթով նրանց միջև ծագած վիճաբանությունը:

Կարդացեք նաև

«Բուն ծեծի փաստը որևէ մեկի կողմից չի էլ ժխտվում, որ Ավետիք Բուդաղյանն այդ մեքենայում ծեծի ենթարկվել է: Հարցը նա է, թե ում կողմից է ենթարկվել,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ քննիչի ու դատախազի կողմից հիմք ընդունված այս վարկածն ամբողջությամբ հիմնված է ավտոմեքենայում 4 անձանցից 3-ի՝ Սուրիկ Խաչատրյանի, Զարզանդ Նիկողոսյանի և Արագած Ղևոնդյանի ցուցմունքների վրա,- Սակայն նախաքննական մարմինը հաշվի չի առել, որ նշված անձանցից մեկը՝ Սուրիկ Խաչատրյանը, ունի իր մասնակցությունը ժխտելու շարժառիթ, քանի որ իր կողմից ծեծին մասնակցելը հաստատվելու դեպքում ինքը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության: Նախաքննական մարմինը նաև հաշվի չի առել, որ մյուս երկու անձինք՝ Արագած Ղևոնդյանը և Զարզանդ Նիկողոսյանը, նույնպես շահագրգռված են, որպեսզի Սուրիկ Խաչատրյանը խուսափի քրեական պատասխանատվությունից: Ինչպես երևում է գործի նյութերից, Արագած Ղևոնդյանը հանդիսանում է Սուրիկ Խաչատրյանի վարորդը»:

Հայկ Ալումյանն ասաց, որ թեև Զարզանդ Նիկողոսյանը ողջ նախաքննության ընթացքում ժխտել է իր թիկնապահ լինելը, սակայն քրեական գործում առկա են բավարար չափով նյութեր, որոնցից հակառակն է բխում: «Գործով անցնող 5 վկա, ովքեր առնչվել են Սուրիկ Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի հետ, պնդել են, որ վերջինիս ճանաչում են՝ որպես Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ: Այն մասին, որ Զարզանդ Նիկողոսյանը Սուրիկ Խաչատրյանի թիկնապահն է, այլ ոչ թե՝ պարզապես մտերիմ, ինչպես նա պնդում է, վկայում է նաև այն հանգամանքը, որ Սդղի գյոլում տեղի ունեցած խնջույքի մանրամասների վերաբերյալ հարցաքննված բոլոր վկաները պնդել են, որ խնջույքի ժամանակ Զարզանդ Նիկողոսյանը հրավիրված չի եղել սեղանի մոտ, այլ, վարորդ Արագած Ղևոնդյանի հետ միասին, ողջ ընթացքում սպասել է մարզպետին՝ նրա մեքենայի մեջ: Քննիչը նաև հաշվի չի առել, որ այս երեքի ցուցմունքներն էապես հակասում են միմյանց, հետևապես՝ չեն կարող արժանահավատ լինել:

Մասնավորապես, Սուրիկ Խաչատրյանն իր առաջին ցուցմունքում, որը տվել է 2013թ. հունիսի 3-ին, հայտնել է, որ ավտոմեքենայի մեջ ինքն է նկատողություն արել Ավետիք Բուդաղյանին՝ վերջինիս հայհոյանքների համար: Նա այսպես է նկարագրել դեպքը. «Երբ մենք շարժվեցինք դեպի Գորիս, Ավետիքն էլ ավելի հարբեց, քանի որ բարձունքից իջնում էին դեպի քաղաք: Ճանապարհին նա կարծես 180 աստիճանով շեղվեց և սյկսեց իրեն պահել ոչ ադեկվատ, մասնավորապես՝ հայհոյանքներ սկսեց տալ՝ իբր անհասցե, սակայն զգացվում էր, որ հայհոյանքներն ուղղված էին ինձ: Ես փորձեցի կարգի հրավիրել նրան՝ ասելով՝ քեզ հավաքի, այ տղա, որից հետո նա կրկին շարունակեց իր պահվածքը: Այդ ժամանակ միջամտեց Զարզանդը՝ փորձելով կարգի հրավիրել նրան»: Սակայն հաջորդ ցուցմունքում, որը տվել է 2013թ. սեպտեմբերի 9-ին, նույն Սուրիկ Խաչատրյանը նշել է հետևյալը. «Շատ հոգնած էի, Սդղի գյոլում էլ բավականաչափ օղի էի խմել և այդ վիճակում մեքենայի մեջ ննջում էի, և այդ ամենը, ինչ տեղի է ունեցել մեքենայի մեջ, ես շատ աղոտ եմ հիշում, դրանք ինձ մոտ տպավորվել են ննջելու ընթացքում, ձայներից աչքերս բացել եմ, ինչպես նաև դեպքից հետո Արագածի պատմածների հիման վրա եմ հիշում»»,- ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանի խոսքով՝ նույն հակասությունն առկա է նաև Զարզանդ Նիկողոսյանի 2013թ. հունիսի 2-ի և 2013թ. օգոստոսի 26-ի ցուցմունքների միջև: Նրա խոսքով՝ առաջինում որևէ խոսք չկա Սուրիկ Խաչատրյանի քնած կամ ննջած լինելու մասին, իսկ երկրորդում ներկայացված է, թե ավտոմեքենայում տեղի ունեցած դեպքի ողջ ընթացքում Սուրիկ Խաչատրյանը ննջած է եղել: Ըստ փաստաբանի՝ նույն դեպքն Արագած Ղևոնդյանը նկարագրել է հետևյալ կերպ. «Ավտոմեքենայի մեջ Սուրիկ Խաչատրյանն ու Արտակ Բուդաղյանը խոսում էին հաջորդ օրվա իրենց պայմանավորվածության մասին, որից ես հասկացա, որ նրանք պայմանավորվել են միասին եկեղեցի գնալու և մոմ վառելու մասին: Երբ արդեն մոտեցանք քաղաքին, չգիտեմ՝ ինչո՞ւ, Ավոն սկսեց հայհոյանքներ տալ՝ չնշելով որևէ անուն: Այդ ժամանակ Զարզանդը միջամտեց՝ Ավոյին կարգի հրավիրելով, մասնավորապես ասաց՝ Ավո, կուլտուրական և հանգիստ պահի քեզ, որից հետո Ավոն էլ՝ դիմելով Զարզանդին, ասաց՝ դու չպիտի ինձ ասես, թե ես ինձ ոնց պիտի պահեմ: Զարզանդը նրան չպատասխանեց, այդ ժամանակ Սուրիկ Խաչատրյանը, երևի թեման շեղելու նպատակով, սկսեց խոսել Գորիսի առօրյայի մասին, սակայն Ավոն կրկին հայհոյանքներ տվեց՝ ընդհատելով Խաչատրյանին: Այդ ժամանակ Խաչատրյանը՝ դիմելով Ավոյին, ասաց՝ այ տղա, մի ընդհատի, լսի, բան եմ ասում, սակայն Ավոն լսել չէր ցանկանում և շարունակում էր նույն կերպ հայհոյանքներ տալ»:

Փաստաբանն ասաց, որ քրեական գործում առկա է Սուրիկ Խաչատրյանի խոհանոցում տեղադրված տեսագրող սարքը, նաև ձայնագրվել է խոսակցությունը: Ըստ նրա՝ փորձագետների կողմից վերծանվել է 2013թ. հունիսի 1-ին խոհանոցում տեղի ունեցած խոսակցությունը: Հայկ Ալումյանի խոսքով՝ պատմելով ավտոմեքենայում տեղի ունեցած դեպքը, ասել է. «Էն Ավոյին հավայի տեղը խփին-մփին, ավտոյից իջըցրին»: Խոսակցության ընթացքում, ըստ փաստաբանի, կանանցից մեկը հարցրել է. «Բա խի՞ ա խփել»:

Փաստաբանը մեջբերեց ևս մեկ հատված. «Չթողի: Բա ե՞ս ինչ ասեմ: Ճամփին վերջը Արագածին ասում ա (Սուրիկ Խաչատրյանն ասում է Արագածին)՝ էս ո՞վ ա կողս նստած: Ասինք՝ դե շեֆ, Ավոն ա: Ասում ա՝ վերջը Ավոն ո՞վ ա, Ավոյի սենցը-նենցը (հայհոյանք է տալիս): Վերջը, դե, խոսք, զրույց, Ավոյին մի երկու հատ տվինք, ասի՝ դավայ, հելի, ռադդ քաշի ստուց»:

«Խոսակցությունից պարզ երևում է, որ ծեծողը կամ առնվազն ծեծողներից մեկը եղել է հենց Սուրիկ Խաչատրյանը: Այս անհամապատասխանությունը վերացնելու նպատակով Զարզանդ Նիկողոսյանն իր 26.09.2013թ. ցուցմունքում նշել է. «Ես, եթե ուշադիր լինեք գրածիս, կպարզվի, որ շատ դեպքերում եզակին խոսում եմ որպես հոգնակի կամ՝ հակառակը: Դա իմ խոսակցական ձևն է»: Նույնն իր ցուցմունքում հաստատել է նաև Լորետա Բարսեղյանը, սակայն խոսակցության բովանդակությունն այնպիսին է, որ Զարզանդ Նիկողոսյանի այդ բացատրությունը, անգամ, եթե այն ճշմարտացի լիներ, չի կարող պարզաբանել, թե ինչու է Լորետա Բարսեղյանը հարցնում Զարզանդ Նիկողոսյանին ոչ թե՝ բա խի՞ ես խփել, այլ՝ բա խի՞ ա խփել: Ակնհայտորեն, այս խոսակցության մեջ խոսքը գնում է երրորդ անձի մասին»,- ասաց Հայկ Ալումյանը: Նրա խոսքով՝ ըստ բոլոր ցուցմունքների՝ վարորդի կողքին նստած է եղել Զարզանդ Նիկողոսյանը, վարորդի ետևում՝ Ավետիք Բուդաղյանը, Զարզանդ Նիկողոսյանի ետևում՝ Սուրիկ Խաչատրյանը:

Փաստաբանի խոսքով՝ քննչական փորձարարության միջոցով հնարավոր կլիներ պարզել, թե արդյոք հնարավոր կլինե՞ր Զարզանդ Նիկողոսյանի կողմից Ավետիք Բուդաղյանին հարվածելը՝ հաշվի առնելով տվյալ ավտոմեքենայի առանձնահատկությունները: Բացի դա՝ նրա խոսքով՝ Էմիլ Բուդաղյանը՝ Ավետիք Բուդաղյանի հայրը, իր ցուցմունքում նշել է, որ որդու կինը հետագայում ասել է, որ Ավետիքն իրեն պատմել է ավտոմեքենայում տեղի ունեցած դեպքի մանրամասները: «Ունենալով նման ցուցմունք՝ քննիչը, այնուամենայնիվ, չի հարցաքննել Ավետիք Բուդաղյանի կնոջը, թեև նրա ցուցմունքի միջոցով կարող էին պարզվել գործի համար նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ավետիք Բուդաղյանի կնոջը չհարցաքննել այն մասին, թե ինչ է նրան հայտնի դարձել հանգուցյալ ամուսնուց, նույնն է, ինչպես, եթե Ավետիք Բուդաղյանի կենդանի մնալու դեպքում քննիչը նրան չհարցաքններ ավտոմեքենայում տեղի ունեցած դեպքի մասին»,- ասաց Հայկ Ալումյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս