Գևորգ Սաֆարյանին ազատ են արձակել, նրա նկատմաբ բռնություն չեն կիրառել (տեսանյութ)
Այսօր ժամը 13:00-ին Հանրապետության հրապարակում պետք է տեղի ունենար Հիմնադիր խորհրդարանի անդամների մամուլի ասուլիսը, որի ժամանակ նրանք պետք է ներկայացնեին նաև Բերձորի միջադեպի ժամանակ վնասված ավտոմեքենաները: Առավոտյան, երբ Հիմնադիր խորհրդարանի անդամները փորձել են ավտոմեքենաները կայանել Հանարպետության հրապարակում, ոստիկանները մեքենաները տարել են տուգանային հրապարակ, իսկ Հիմնադիր խորհրդարանի որոշ անդամների բերման են ենթարկել:
Բեման ենթարկված Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանը, որին ասուլիսի ժամանակ արդեն ազատ էին արձակել, նշեց, որ ոստիկաններն իրեն բերման են ենթարկել 182-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանին իրավական պահանջը չկատարելու համար:
Ըստ նրա՝ դա արել են՝ նախ, որպեսզի ասուլիսը խափանեն, և հետո, որպեսզի հանրությունը չտեսնի այդ մեքենաները. «Որոշներին տարան Ոստիկանություն, ինչպես նաև ինձ, և արդեն ստանդարտ դարձած՝ 3 ժամից ազատ արձակեցին»:
Նա հերքեց տարածված այն տեղեկությունները, որ իր նկատմամբ բռնություն են գործադրել. «Բռնություն չի գործադրվել, ինձ չեն հարվածել»:
Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանի ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը տարածել էր Հիմնադիր խորհրդարանը՝ մասնավորապես նշելով, թե նրան ծեծի են ենթարկել ոստիկանական ավտոմեքենայում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ակցիայի լուսանկարները՝ Ամալի Խաչատրյանի