Ոստիկանությունը արգելում է Հիմնադիր խորհրդարանի հավաքը. ակտիվիստը ծեծի է ենթարկվել (ուղիղ, լուսանկարներ)
Հիմնադիր խորհրդարանը այսօր ժամը 13:00-ին, ինչպես հայտարարել էին երեկ, Հանրապետության հրապարակում ավտոերթի են հավաքվելու: Այս պահին Հիմնադիր խորհրդարանի անդամներն իրենց ավտոմեքենաներով հավաքված են Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենքի առջև: Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոստիկանները բռնի կերպով հեռացնում են իրենց այդ տարածքից՝ արգելելով այդտեղ հավաք անցկացնելը:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը նաև հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Ոստիկանությունը ամեն գնով փորձում է խափանել Հանրապետության հրապարակում այսօր ժամը 13-ին նախատեսված բացօթյա ասուլիսը, որը նախատեսվում է անցկացնել հունվարի 31-ին տուժածների մասնակցությամբ և վնասված ավտոմեքենաների ցուցադրությամբ: Գիշերվա ընթացքում ոստիկանությունը նախապես զբաղեցրել ասուլիսի հայտարարված վայրում՝ Հանրապետության Հրապարակի տարածքում գտնվող ավտոմեքենաների կայանատեղին, իսկ այս պահին թույլ չի տալիս, որ վնասված ավտոմեքենաները կայանեն ասուլիսի համար նախատեսված այլընտրանքային տարածքում՝ Կենտրոնական բանկի դիմաց: Տեղեկացնում ենք, որ անկախ ոստիկանության գործողություններից, ասուլիսը տեղի կունենա»: