Բաժիններ՝

2014 թվականին Թուրքիան զբոսաշրջությունից վաստակել է ավելի քան 34 միլիարդ դոլար

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ 2014 թվականին Թուրքիա այցելել է 41.415.000 զբոսաշրջիկ: Այս մասին են վկայել Թուրքիայի Վիճակագրական վարչության  (TÜİK) տվյալները: Դրանց համաձայն՝ 2014 թվականին Թուրքիայի զբոսաշրջային եկամուտները կազմել են 34 միլիարդ և 305 միլիոն դոլար:

Նախորդ տարի զբոսաշրջիկներն ամենաշատն այցելել են Ստամբուլի, Անթալիայի, Մուղլայի, Անկարայի, Իզմիրի ու Նևշեհիրի նահանգներ: Նախորդ տարի Թուրքիա այցելածների թվում 35.850.000-ը օտարազգիներ են, իսկ 5.564.000-ը՝ արտասահմանում բնակվող Թուրքիայի քաղաքացիներ:

Այցելուների 75.5 տոկոսը Թուրքիա է ժամանել օդային ճանապարհով, 18.3 տոկոսը՝ ցամաքային (ավտոմոբիլային) ճանապարհով, իսկ 6.2 տոկոսը՝ ծովային ու երկաթուղային ճանապարհով: Նախորդ տարի Թուրքիա այցելած օտարազգիները միջին հաշվով Թուրքիայում անցկացրել են 8.6 գիշեր, իսկ արտասահմանաբնակ թուրքերը՝ 18.5 գիշեր:

Միջին հաշվով մեկ այցելուից Թուրքիայի զբոսաշրջային եկամուտը կազմել է 828 դոլար: Օտարազգի զբոսաշրջիկը միջին հաշվով ծախսել է 775 դոլար, իսկ արտասահմանաբնակ թուրքերը՝ 1130 դոլար:

Թուրքիա այցելած օտարազգի զբոսաշրջիկների թվում առաջատարը գերմանացիներն են՝ 12.7 տոկոս, ապա գալիս են ռուսները՝ 10.8 տոկոս, և բրիտանացիները՝ 6.3 տոկոս: Զբոսաշրջային փաթեթով Թուրքիա ժամանած գերմանացիները միջին ծախսը կազմել է 617 դոլար, բրիտանացիների դեպքում դա կազմել է 587 դոլար, իսկ ռուսների դեպքում՝ 528 դոլար:

Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ թուրքական մամուլը հայտնել էր, թե Թուրքիան վերջին 10 տարվա ընթացքում զբոսաշրջությունից վաստակել է 241.7 միլիարդ դոլար, իսկ 2013 թվականին զբոսաշրջությունից ստացված եկամտի չափն առաջին անգամ գերազանցել է 30 միլիարդ դոլարի սահմանագիծը՝ հասնելով 32.310.424.000 դոլարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս