Իսլամ Կարիմովը կոմայի մեջ է ընկել. աղբյուր
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուզբեկստանի ընդդիմությունը հայտնել է, որ երկրի գործող նախագահ Իսլամ Կարիմովը կոմայի մեջ է ընկել: Այդ տեղեկատվությունը տարածել են արտասահմանյան մի շարք ԶԼՄ-ներ՝ վկայակոչելով «Ուզբեկստանի ժողովրդական շարժումը»:
Վերջինիս ակտիվիստներն այդ հարցում վկայակոչում են Ուզբեկստանի կառավարությունում իրենց աղբյուրները, որոնց համաձայն՝ պետության ղեկավարի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է հունվարի 28-ին: Դրանից հետո անհապաղ կանչվել է շտապօգնություն, որի աշխատակիցներին չի հաջողվել գիտակցության բերել նախագահին:
Իսլամ Կարիմովը կոմայի մեջ է գտնվել նաև հունվարի 29-ին: Կարիմովի հիվանդության հետ կապված՝ փորձագետները հնարավոր ապակայունացում են կանխատեսում ողջ տարածաշրջանում: Իսլամ Կարիմովն Ուզբեկստանը ղեկավարում է 1989 թվականից: Նա մտադիր է մասնակցել մարտի 29-ին նշանակված Ուզբեկստանի նախագահական ընտրություններին: