ՆԱՏՕ-ն չի կարող խոչընդոտել Մոսկվայի ու Ցխինվալի միջև պայմանագրի ստորագրմանը. Ափաթուրայ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն չունի ուժեր՝ խոչընդոտելու համար Մոսկվայի ու Ցխինվալի միջև համագործակցության ու ինտեգրման մասին պայմանագրի ձևակերպումը:

Այս մասին Վրաստանի Հանրային հեռարձակողին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը.

«Ցանկանում եմ անկեղծ ասել, որ ՆԱՏՕ-ն ուժեր չունի նրա համար, որպեսզի խանգարի Ռուսաստանի ու Հարավային Օսիայի դե-ֆակտո իշխանությունների միջև այսպես կոչված պայմանագրի ձևակերպմանը: Մենք ասում ենք, որ այդ պայմանագիրը չունի ուժ, որևէ մեկը չի ճանաչում այն»:

Ափաթուրայը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ամբողջովին ճանաչում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Հարավային Օսիան Ռուսաստանի հետ պայմանագրի նախագծի տեքստը հրապարակել է 2014 թվականի դեկտեմբերի 18-ին:

Այն կրում է ավելի ինտեգրացիոն բնույթ, քան՝ Ռուսաստանի ու Աբխազիայի միջև ստորագրված դաշնակցության ու ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը, որը նախատեսում է համատեղ զորքերի ստեղծում: Աբխազիան ու Ռուսաստանն այդ պայմանագիրը ստորագրել են 2014 թվականի նոյեմբերի 24-ին:

Տեսանյութեր

Լրահոս