Ինչպես էին Արցախի իշխանությունները պատրաստում Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի մասնակիցների դեմ ագրեսիան. պարզաբանում է Հայկ Խանումյանը
«Արցախում ավտոերթի անցկացումը խոչընդոտելու ուղղությամբ աշխատանք էր տարվում, թշնամանք սերմանվում շուրջ 10 օր»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը` անդրադառնալով շաբաթ օրը Հիմնադիր խորհրդարանի կազմակերպած՝ դեպի Արցախ ավտոերթի մասնակիցների դեմ Արցախի իրավապահ մարմինների իրականացրած հարձակմանը: Նա նշեց, որ տեղի ունեցածի պատասխանատուն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն է:
Ըստ նրա` Արցախի իշխանություններն ավտոերթի մասնակիցներին մոտավորապես նման կերպ դիմավորելու մեթոդը վաղուց էին ընտրել և այդ ուղղությամբ աշխատանքներ էին տանում շուրջ 10 օր: «Արցախի իշխանությունները, իրենց ձեռքի տակ ունենալով հարուստ ռեսուրսներ և լծակներ, հասարակական կարծիքը ենթարկում էին մանիպուլյացիայի: Իսկ նման բան Արցախում անելն այդքան էլ բարդ չէ, քանի որ արցախյան հասարակությունն այնքան մեդիականացված չէ, որքան հայաստանյան հասարակությունը:
Ամենահանրային, ամենահասանելի ռեսուրսը Հանրային հեռուստատեսությունն է, որը, միակողմանի տեղեկատվություն տրամադրելով, հստակ թշնամանք էր սերմանում այդ ավտոերթի և այն կազմակերպած քաղաքական կառույցի նկատմամբ: Այնուհետև տեղի էին ունենում տարբեր կոլեկտիվների հավաքներ, սովորաբար այդպիսի հավաքներ խորհրդային տարիներին էին կազմակերպվում, որոնք Արցախում քիչ-քիչ սովորություն են դառնում: Այս դեպքում այդ հավաքների ընթացքում կոլեկտիվ դատապարտման ելույթներ են եղել, և այլն: Այսինքն` աստիճանաբար տարբեր կառույցներում և տարբեր շրջաններում կազմակերպված գործողություններով, այդ թվում՝ երիտասարդության մեջ, համալսարանական շրջանակներին օգտագործելով, անվտանգությանը վերաբերող հարցեր շահարկելով, մանիպուլյացիայի էին ենթարկում ամբողջ գործընթացն ու ավտոերթի մասնակիցներին ներկայացնում՝ որպես թշնամիներ: Պետք է պարզապես ճանաչել արցախյան հասարակությանը, որպեսզի պարզ լինի, թե դա ինչպես է սովորաբար կատարվում»,- մեկնաբանեց Հայկ Խանումյանը:
Վերջինիս խոսքով` հարձակմանը մասնակցած ոստիկանները, այնտեղ տարվող քաղաքացիական անձինք իշխանությունների ձևավորած մանիպուլյացիոն հասարակական կարծիքի զոհերն են, նրանք բոլորը գնացել էին դիմավորելու, իրենց պատկերացմամբ՝ թշնամիների, քանի որ նրանց այդպես էր ներկայացվել: Խանումյանի գնահատմամբ՝ կիրառվել են ամենաստոր, ամենահիմար ստերը:
«Այս ամենի գլխին կանգնած են Բակո Սահակյանն ու իշխանության շարքում գտնվող այն մարդիկ, ովքեր իրենց առջև խնդիր են դրել հնարավորինս հաճոյանալ Սերժ Սարգսյանին: Իշխանությունները դիտմամբ, մտածված կերպով գնացել են այդ բախմանը՝ ցույց տալու համար իրենց հավատարմությունը Սերժ Սարգսյանին:
Առաջիկայում խորհրդարանական ընտրություններն են Արցախում, որոնց ընթացքում, հնարավոր է, որ պարզվի, թե ով կլինի իշխանության թեկնածուն հաջորդ նախագահական ընտրություններում: Կան շատ թեկնածուներ, կա մեծ մրցակցություն այդ իշխանական թեկնածուների միջև, ու այդ մրցակցությունը ոչ թե ընթանում է հասարակության, այլ ՀՀ իշխանությունների համակրանքը շահելու համար»,- նման կերպ բացատրեց Հայկ Խանումյանը տեղի ունեցածի հիմքում ընկած պատճառները:
Նրա համար տեղի ունեցածը սպասելի էր, բայց ոչ նման դաժանությամբ և ծեծի դրսևորումներով:
Անդրադառնալով Արցախում առկա տրամադրություններին և հայաստանաբնակների ու արցախաբնակների միջև համացանցային «փոխհրաձգություններին»` Հայկ Խանումյանը վստահեցրեց, որ Արցախում չկան հակահայկական տրամադրություններ: Ըստ մեր զրուցակցի՝ համացանցում աշխատող, իշխանության շահերը սպասարկող մի քանի ոչ իրական օգտատերեր, որոնք ֆինանսավորվում են իշխանությունների կողմից և իրականացնում նրանց PR-ը, տարածում են նրանց գաղափարները:



