Ինչպես են նշում Սուրբ Սարգիսը
Ըստ հայոց եկեղեցական տոնացույցի` Սուրբ Սարգսին նվիրված տոնը նշվում է Քրիստոսի Հարությունից կամ Մեծ Զատկից 63 օր առաջ` շաբաթ օրը:
Ավանդության համաձայն` Ս. Սարգիսը քաջ և ազնիվ զորավար էր, որը միշտ օգնում էր խեղճերին և անմեղներին` միաժամանակ պատժելով չար մարդկանց: Նրա մասին ամենից շատ տարածված ավանդազրույցների հիմնական սյուժեն նրա կողմից պասը պահողների գովաբանություն էր և պատիժը` այն չպահողներին:
Ըստ ավանդույթի` ուրբաթ երեկոյան տանտիրուհիները վերցնում էին սկուտեղը, վրան մանր մաղով փոխինդ շարմաղում, մոմեր կամ կանթեղ վառում ու դնում դռան ետևը` հուսալով, որ Ս. Սարգիսը կայցելի և իր ձիու պայտի հետքը կթողնի փոխինդի վրա, ինչը վկայում էր «դրախտին արժանի լինելը»:
Իսկ երիտասարդներն այդ երեկո աղի բլիթներ էին ուտում` գիշերը երազ տեսնելու ակնկալությամբ: Հավատում էին, որ այդ գիշեր երազում ծարավը հագեցնելու նպատակով իրենց ջուր տվողն անպայման կլինի կյանքի ընկերը: Եթե երազում մատուցված ջրի բաժակը ոսկուց էր լինում, ասում էին, որ ապագա ամուսինը շատ հարուստ է լինելու, եթե արծաթից էր` միջին ունեցվածքի տեր, իսկ եթե պղնձից կամ կավից` աղքատ: Ջրի քանակությամբ նույնպես գուշակություններ էին անում. եթե բաժակը ջրով լի էր` ամուսնական զույգը երկար կապրի միասին, եթե կիսատ` կարճ:
Տարածված սովորույթներից էր նաև այն, որ վաղ առավոտյան երիտասարդները բարձրանում էին երդիկների վրա, լավաշի մեջ փաթաթված խաշիլի կամ հացի կտորներ դնում այնտեղ կամ դեզերի վրա և ուշադիր հետևում. թռչունները դրանք որ ուղղությամբ տանեին, այդ կողմից էլ գալու էր ապագա փեսացուն կամ հարսնացուն: Եթե հացի փշրանքը տեղում էին կտցահարում, ապա այդ տղան կամ աղջիկն ընդհանրապես չէր ամուսնանալու:
Այս շաբաթվա ընթացքում մարդիկ ծանր գործեր չէին անում. ո´չ ճախարակ էին մանում, ո´չ բուրդ գզում և ո´չ էլ լվացք անում: Կանայք` հատկապես աղջիկները, գլուխները չէին լվանում, որպեսզի «Սարգսի ձին չսայթաքեր օճառաջրի վրա»:
Ս. Սարգսի տոնական ավանդույթներից է նաև նրա անունը կրողների նկատմամբ մտերիմների կողմից ցուցաբերած վերաբերմունքը` նվերներ մատուցելը, հատուկ հյուրասիրությունը: Այդ օրը ծնվածներին Ս. Սարգսի անունով էլ կոչում են:
Ս. Սարգսի տոնից մինչև Բուն Բարեկենդանն ընկած ժամանակահատվածը համարվում էր հարսանյաց արարողությունների մեծ շրջան:
Այս տարի Սուրբ Սարգսի տոնը նշելու ենք հունվարի 23-ին:
Աղբյուրը՝ Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարան: