Ո՞ւմ է ձեռնտու խուճապային տրամադրություններ տարածել Գյումրիում. ԳԱԼԱ
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ այս օրերին միտումնավոր տեղեկատվություն է տարածվում այն մասին, իբրեւ Գյումրիում կան խոսակցություններ, որ ՌԴ ռազմաբազայից դարձյալ զինծառայողներ են փախուստի դիմել, ինչը քաղաքում իբրեւ թե խուճապային տրամադրություններ է ստեղծել: Ում է ձեռնտու Գյումրիում խուճապային տրամադրություններ ստեղծել:
Հարցին, թե ովքե՞ր են շահագրգիռ, որ Գյումրիում խուճապ հասունանա՝ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը պատասխանել է. «Տեղյակ չեմ, անկեղծ ասած: Ես ինքս խուճապ չեմ նկատել, չգիտեմ: Կարդացել եմ համացանցով, բայց աշխատելով, ապրելով Գյումրիում՝ խուճապ չեմ նկատել: Դուք ավելի լավ կկարողանաք ասել, եթե տեսնեք՝ ով էր գրողը, որտեղի՞ց այդ ինֆորմացիան: Ես չեմ կարող ասել դա որտեղից է: Դժվարանում եմ պատասխանել այդ հարցին»:
Տրամաբանական հարց է առաջանում. ովքե՞ր են շահագրգիռ ենթադրյալ խուճապի մասին արհեստական տեղեկություններ տարածել, հետո, ժամեր անց «օպերատիվությամբ» հերքել արհեստականորեն եւ իրենց աղբյուրներով շրջանառության մեջ դրված ինֆորմացիան…ինչո՞ւ:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում Շիրակի մարզպետ Ֆիլիքս Ցոլակյանն ընդգծեկ է, որ իրավիճակն իրենց վերահսկողության տակ է: Նա տեղյակ էր, որ շրջանառության մեջ են դրվում նման խոսակցություններ, բայց թե ով կամ ովքեր են դա անում՝ չգիտի: «Երեկ չէ մյուսն օրն են եղել էդ ձեւի լուրեր: Արագ արձագանքեցինք, ասեցինք, որ էդ ձեւի բան չկա: Ես խորհուրդ եմ տալիս մեր ժողովրդին ու նաեւ կազմակերպություններին, որտեղից հիմնականում խոսակցությունները դուրս են գալիս, տարածվում են, անել հետեւյալը.- Յուրաքանչյուր այդ ձեւի լուր ստանալու դեպքում զանգել ոստիկանություն: Մենք պայմանավորվածություն ունենք ոստիկանության հետ: Եթե լուրը տարածվում է, իրենք միանգամից կապվում են զինվորական մասի հետ, ճշտում՝ այդպիսի բան կա, թե չկա, եւ պատասխանում են զանգողներին»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: