«Մեր բանակն է ռազմի դաշտում ամրագրել հայ ժողովրդի ազատ և անկախ ապրելու անբեկանելի որոշումը»

«Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունն ի սրտե շնորհավորում է համայն հայ ժողովրդին ի Հայաստան և ի Սփյուռս Բանակի օրվա կապակցությամբ:
Հայոց բանակը հայ ժողովրդի անկախության կերտողներից է: Մեր բանակն է ռազմի դաշտում ամրագրել հայ ժողովրդի ազատ և անկախ ապրելու անբեկանելի որոշումը և ցայսօր հանդիսանում է հայկական երկու պետությունների` Հայաստանի և Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը:

Հայոց բանակն այսօր տարածաշրջանում ամենամարտունակ ու կազմակերպված բանակն է և միաժամանակ Հայաստանի պետական ինստիտուտներից ամենակայացածը: Մեր զինված ուժերի հավաքական հաջողությունն ու հաղթանակները հայ զինվորներից յուրաքանչյուրի հայրենանվիրության և հերոսության արգասիքն են: Դաստիարակվելով իրենց հերոս հայրերի ու պապերի օրինակով` մեր բանակի քաջ զինվորները պատվով են կատարում իրենց առջեւ դրված խնդիրները՝ պաշտպանելով հայրենիքի եւ ժողովրդի անվտանգությունը, ամուր պահելով պետության սահմանները: Միայն զինվոր հայորդիների խիզախության և ցավոք նաև կյանքի գնով այս օրերին հնարավոր է լինում հետ մղել և ճնշել Ադրբեջանի զինված ուժերի հաճախակի դարձած հարձակումները և ապահովել խաղաղությունը հայոց աշխարհում:

Այս տոնական օրը մեկ անգամ եւս շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության բանակի ողջ անձնակազմին` շարքային զինվորից մինչեւ գեներալ, եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ` ի փառս հայոց անկախ պետականության զորացման ու բարգավաճման»:

ՎՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Լյուդմիլա Սարգսյան

 

Տեսանյութեր

Լրահոս