ԵԽԽՎ-ում Նաիրա Կարապետյանի ելույթը Թուրքիայի քաղաքականության մասին

ԵԽԽՎ-ում ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի ելույթը Թուրքիայի քաղաքականության մասին.

«Մենք բոլորս ցնցված էինք «Շաղլի Էբդո» ամսագրի դեմ իրականացված սարսափազդու հարձակումից, որ իրականացվեց Փարիզում: Սա ժողովրդավարության հիմնաքար հանդիսացող խոսքի ազատության դեմ ուղղակի բռնարարք էր: Այսօրինակ բարբարոսական ոճրագործությունները անընդունելի են, և մենք այն խստագույնս դատապարտում ենք:

Մեզ համար շատ ցավալի է, որ բարբարոսության այսպիսի դրսևորումները դարձել են կրկնվող: Ութ տարի առաջ՝ հունվարի 19-ին Ստամբուլում «Ակոս» շաբաթաթերթի գրասենյակի մոտակայքում սպանվեց հայտնի թուրքահայ լրագրող Հրանտ Դինքը: «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք»,- սա էր այդ օրերի կարգախոսը: Հրանտ Դինքը սպանվեց իր հայացքների և Հայոց Ցեղասպանության մասին ճշմարտությունը ասելու համարձակ քայլերի համար: Նա զոհ դարձավ թուրքական քարոզչամեքենայի, որը ամեն կերպ փորձում էր ներկայացնել նրան որպես Թուրքիայի թշնամի, ով վիրավորել էր թուրքական ինքնությունը: Այս իրադարձությունների ամբողջ շղթան շատ լավ համընկնում է Թուրքիայի` ժխտողականության ավանդական քաղաքականության հետ:

Այս քաղաքականության մեկ այլ օրինակ է Էրդողանի կառավարության ամոթալի փորձը ստվեր գցելու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների վրա: Այսպիսով, Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են այս տարի նշել Առաջին Աշխարհամարտին Դաշնակիցների կողմից՝ 1915 թվականին Թուրքիայի տարածք ներխուժելու ռազմական գործողությունների 100-ամյակը: Տարեցտարի «բարելավելով» պատմությունը աղավաղելու գործիքները՝ Թուրքիան այս տարի առաջին անգամ է հենց ապրիլի 24-ին նշելու Գալիպոլիի ճակատամարտի տարելիցը, այն դեպքում, երբ այն սկսվել է 1915թ. մարտի 18-ին և տևել մինչև 1916թ. հունվարի վերջ: Պատմական փաստ է, որ Գալիպոլիում Դաշնակիցների զորքերի ափհանումը սկսվել է ապրիլի 25-ին, և այդ օրն են նշում ԱՆԶԱԿ-ի օրը Ավստրալիան և Նոր Զելանդիան:

Ընդամենը երկու տարի առաջ՝ 2013-ին, Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը Առաջին համաշխարհային պատերազմի այս ճակատամարտի 98-րդ տարելիցը նշել էր մարտի 18-ին: Ինչ նպատակ է այն հետապնդում, եթե ոչ պարզ ու ստոր մի ցանկություն՝ շեղելու միջազգային հանրության ուշադրությունը Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումներից: Մինչդեռ Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ունի սեփական ժողովրդի և համայն մարդկության առաջ, այն է՝ ճանաչել և դատապարտել Հայոց Ցեղասպանությունը:

Չնայած իրենց նորարարական և թարմացված ժխտողականության քաղաքականությանը՝ Թուրքիայի ներկայիս իշխանությունները պետք է ընդունեն, որ խաղաղությունն ու բարեկամությունը պետք է նախ հիմնված լինեն սեփական անցյալը և պատմական արդարությունը ընդունելու քաջության հիման վրա: Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է ապագա սերունդներին փոխանցել իրական պատմությունը, այսպիսով հող նախապատրաստել հարևան ժողովուրդների միջև մերձեցման ու ապագա համագործակցության համար:

Ցավով պետք է եզրակացնել, որ հարյուր տարի տևող ժխտողականության քաղաքականությունը մեզ հանգեցրել է մի իրավիճակի, երբ «ցեղասպան» Իսլամական պետության բանակն իր ոճևագործ գործողություններ է իրականացնում կոտորածներիների նույն վայրում, որտեղ հարյուր հազարավոր հայեր են սպանվել: Սիրիայի Դեյր Էզ Զոր քաղաքում ահաբեկիչները նույնիսկ փայթեցրել են Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված եկեղեցին: Հարյուր տարի տևող ժխտողականությունը բերում է ռադիկալիզմի և կրոնական ծայրահեղականության, ռասիզմի և այլատյացության:

Իսկապես, մեր արձագանքը այս ամենին պետք է հիմնված լինի մեր բոլորի համար համընդունելի արժեքների հիման վրա` ազատության, հանդուրժողականության և փոխըմբռնման, ճանաչման և կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս