PARKING CITI-ին` գրպանահատ
Հարգելի քաղաքացիներ, համայնքային վճարովի ավտոկայանատեղում կանգնելու համար տուգանքի մասին արձանագրություն ստանալիս ուշադիր նայեք այն ավտոկայանատեղի կահավորանքին, որտեղ կանգնած եք եղել:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշման 3-րդ գլխում սահմանված կարգը պահանջում է կահավորել անհրաժեշտ միջոցներով` տեսախցիկ, ցուցանակ, կարմիր գծանշում:
Կարմիր գծանշումը բացակայում է Տիգրան Մեծ պողոտայի 6 և 7-րդ հատվածներում, սակայն 2014թ. դեկտեմբերին 5 վարորդներ ստացել էին արձանագրություններ իրավախախտումների մասին` ՀՀ օրենսգրքի 124 7-րդ հոդվածի համաձայն, որոնց մեջ նշված է, որ <քաղաքացին 15 րոպեից ավել ժամանակահատվածով կայանված է եղել ք.Երևան, Տիգրան Մեծ պող. 7-րդ հատվածի վրա գտնվող համայնքային վճարովի ավտոկայանատեղում, ինչի համար չի վճարել>: Ուրեմն պողոտայի նշված հատվածը Երևանի քաղաքապետարանում արդեն գրանցված է որպես համայնքային վճարովի ավտոկայանատեղ:
Միջանկյալ ընդգծեմ, որ Տիգրան Մեծ պողոտայի 7-րդ հատվածի վրա է գտնվում Կրթության ազգային ինստիտուտը, որտեղ աշխատում ենք ես և վերոնշյալ 5 քաղաքացիները:
Այս մասին 2015թ. հունվարի 14-ին նամակով տեղեկացրել եմ Երևանի քաղաքապետին` ներկայացնելով այդ արձանագրությունները և ինձ հավաստիացրել են, որ նման արձանագրություն այլևս ոչ մի քաղաքացի չի ստանա, իսկ վերոնշյալ 5 քաղաքացիների նկատմամբ կայացվել է գործերի վարույթները կարճելու մասին որոշումներ: Քանի որ հարցը լուծված համարեցի, խնդիրը չհրապարակեցի:
Սակայն սույն թվականի հունվարի 23-ին վերոնշյալ 5 քաղաքացիներից մեկը Տիգրան Մեծ պողոտայի 7-րդ հատվածում չեղած վճարովի ավտոկայանատեղում կանգնելու համար կրկին ստացել է նման մի արձանագրություն և ես ստիպված եմ հրապարակել PARKING SITI-ի կողմից իրականացվող գրպանահատության այս վտանգավոր ձևի մասին:
Ավելացնեմ, որ եթե այն 5 վարորդներն իմ գործընկերներն են և ես անմիջապես տեղեկանում եմ այդ մասին, ապա մարզերից մեր ինստիտուտ մշտապես այցելուների դեպքում` տեղյակ չենք լինում, իսկ նրանք հնարավոր է նույնպես ստացել են նման արձանագրություններ, սակայն ուշադրություն չդարձնելով կարմիր գծանշումների բացակայությանը, սուս- փուս վճարում են տուգանքները:
Գրպանահատությունն էլ ինչպե՞ս է լինում, սա գրպանահատության դասական օրինակ է:
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ