Ադրբեջանցի դիվերսանտները մտափոխվել են և դատավճիռը կբողոքարկեն ԼՂՀ Վերաքննիչ դատարանում

Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական­դիվերսիոն խմբի անդամներ` Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևն, ովքեր անցած տարվա դեկտեմբերի 29-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման, մտադիր են բողոքարկել դատավճիռը:
Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում քիչ առաջ հայտնեցին ադրբեջանցի դիվերսանտների փաստաբաններ Էրիկ Բեգլարյանը և Արկադի Իսրայելյանը:

«Իմ պաշտպանյալը թեև սկզբում մտադիր չէր բողոքարկելու ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած վճիռը, բայց, այնուամենայնիվ, որոշ անհամաձայնություններ ունենալով դատարանի կայացրած որոշման հետ, ցանկանում է այն բողոքարկել ԼՂՀ Վերաքննիչ դատարանում»,-ասաց ամբաստանյալ Ասկերովի դատապաշտպան Է. Բեգլարյանը:

Ամբաստանյալ Գուլեևի դատապաշտպան Արկադի Իսրայելյանը ևս փաստեց, որ, հաշվի առնելով իր պաշտպանյալի պահանջը, վերաքննիչ բողոք կներկայացնի ԼՂՀ Վերաքննիչ դատարան: Ա. Իսրայելյանի խոսքով, բողոքարկման դիմումը ներկայացնելուց հետո օրենքով նախատեսված կարգով այն կքննվի ԼՂՀ Վերաքննիչ դատարանի կողմից, և դրա հիմնավորված լինելու մասին որոշում կկայացվի առաջիկա մեկ ամսվա ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս