«Թոզ փչելով առաջ չես շարժվի». Նալբանդյանի պատասխանը` թուրքական կողմին
«Թոզ փչելով առաջ չես շարժվի»,- այս մասին՝ այսօր իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` գնահատելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, որը նա արեց Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցի կապակցությամբ` խոսելով նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին: Նախարարն ասաց, թե հարց է առաջանում` ինչու էին Դավութօղլուն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ սպասում 2015 թվականին, որ նոր հայտարարություն անեն Դինքի վերաբերյալ:
«Ինչո՞ւ 7-րդ, 6-րդ, 5-րդ, 4-րդ, 3-րդ, 2-րդ տարելիցների կապակցությամբ որևէ հայտարարություն չեղավ: Ինչպե՞ս կարելի է դա բացատրել: Հետո, 8 տարի շարունակ Թուրքիայի իշխանությունները չկարողացան կամ չցանկացան բացահայտել Դինքի սպանության մեղավորներին: Հիմա ինչ-որ հարգալից վերաբերմունքի մասին են խոսում և նույն ժամանակ իրենց աջակցությունն են հայտնում տխրահռչակ Փերինչեքին, որը հենց Դինքի սպանության կապակցությամբ ոչ միայն Հայոց ցեղասպանությունը ժխտող, այլև ատելությամբ լի հայտարարություններ էր անում հայ ժողովրդի, հայերի նկատմաբ: Այս նոր հայտարարության մեջ` թե՛ հին, թե՛ նոր վարչապետերի հայտարարության մեջ, որևէ նոր բան չկա, դրանց պատասխանը տրվել է նաև այն հոդվածում, որը տպագրվել էր ֆրանսիական «Ֆիգարո» թերթում:
Թուրքական իշխանություններն առնվազն վերջին 5-6 տարիների ընթացքում մեծ հնարավորություն ունեին օգտագործելու այն պատմական առիթը, որն առկա էր վավերացնելու հենց Դավութօղլուի կողմից ստորագրված արձանագրությունները և կյանքի կոչելու ժողովուրդների միջև մերձեցման այս գործընթացը:
Ավաղ, իրենց ներքին տաբուներից չկարողանալով ձերբազատվել, թուրքական իշխանությունները շարունակեցին առիթը բաց չթողնել ժխտելու Հայոց ցեղասպանությունը և հայ ժողովրդի, Հայաստանի նկատմամբ, մեղմ ասած, ոչ բարեկամական հայտարարություններ և գործողություններ անել, որն էլ ավելի խորացրեց անվստահությունը: Մի առիթով, ես լրագրողներին խորհուրդ էի տվել, որ փիլիսոփայությունից պետք է անցնել կոնկրետ և իրատեսական քայլերի: Թոզ փչելով առաջ չես շարժվի»,- ասաց Նալբանդյանը: