Մարզի թվով 8 նախադպրոցական ուսումնական հաստատություն դեռևս գործում է տնակային պայմաններում
Asparez.am-ը գրում է. 2014 թվականին Լոռու մարզում գործել է 69 նախադպրոցական ուսումնական հաստատություն, որը 1-ով ավել է նախորդ տարվա թվիից:
Գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններն հնարավորություն ունեն ընդունելու մինչեւ 6100 երեխա: Դրանք, սակայն, գործում են ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ. միայն 75%-ն է շահագործվում:
Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանի հրապարակած տվյալներով, 2014թ-ին մարզի նախադպրոցական ուսումնական հաստատությունները գործել են 155 խմբով, որտեղ ընդգրկվել է 4575 երեխա: Այս ցուցանիշը 229-ով ավել է 2013թ-ի ցուցանիշից:
Վերջին տարիներին Լոռու մարզում աստիճանաբար ավելացել է նախակրթարանների թիվը. 2012 թ-ին նախակրթարաններ գործել են մարզի թվով 5 (6 խումբ, 127 երեխա), 2013թ-ին` թվով 22 (27 խումբ, 451 երեխա), 2014թ-ին` թվով 21 դպրոցում (23 խումբ, 400 երեխա):
«Վերջին տարիներին նկատելի է նախադպրոցական հաստատություններում երեխաների ընդգրկվածության աճի միտում, սակայն դա կատարվում է հիմնականում քաղաքներում տեղակայված մանկապարտեզների հաշվին: Դեռեւս պահպանվում է գյուղական համայնքներում նախադպրոցական կրթության մատչելիության ցածր մակարդակը»,- նշում է Մ. Սայադյանը:
Գյուղական համայնքների նախադպրոցական հաստատություններում ընդգրկված երեխաների թիվը 2013թ-ին կազմել է մարզի ընդհանուր թվի 22%-ը: 2014թ-ին գրանցվել է մի փոքր աճ. հոկտեմբերի դրությամբ այն կազմել է մարզի նախադպրոցական հաստատություններում ընդգրկված երեխաների 24%-ը:
Վարչության պետի տեղեկացմամբ՝ մարզի հատկապես քաղաքային համայնքներում գերխնդիր է դարձել մանկապարտեզների խմբերի ծանրաբեռնվածության հարցը:
«Հատկապես վերջին 2 տարիներին շարունակում է լուրջ խնդիր մնալ քաղաքային համայնքների որոշ նախադպրոցական հաստատությունների գերբեռնվածությունը, որի հետեւանքով դժվարանում է երեխաների ընդունելությունը նախադպրոցական հաստատություններ»,- ասում է նա:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: