Մի խումբ արցախցիների հայտարարությունը՝ Գյումրիի դեպքերի կապակցությամբ
Մենք՝ Արցախի Հանրապետության մի խումբ քաղաքացիներս, ցնցված ենք Գյումրի քաղաքում հայկական ընտանիքի յոթ անդամների հրեշավոր սպանությամբ: Մենք սգում ենք ողջ հայության հետ և հայտնում ենք մեր խորին ցավակցությունները անմեղ սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատներին և մտերիմներին:
Մենք պահանջում ենք Ռուսաստանի իշխանություններից ձերբակալված Վալերի Պերմյակովին անհապաղ հանձնել ՀՀ պատկան մարմիններին` համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին համաձայնագրի» 4-րդ հոդվածի: Պերմյակովը պիտի դատվի ՀՀ օրենքներով և Հայաստանի տարածքում:
Ռուսական կողմի վարքագիծը, որը փաստորեն չի կատարում իր կողմից ստանձնած պարտավորությունները և հապաղում է սպանության մեջ կասկածվող զինծառայող Պերմյակովի հայկական կողմին հանձման հարցում, անընդունելի է և ստորագրված միջպետական պայմանագրի աղաղակող խախտում է:
Ռուսական բոլոր այն զինծառայողները, որոնց մեղքով տեղի է ունեցել այս ահավոր ողբերգությունը, պետք է ամենախիստ պատիժները կրեն: Անհրաժեշտ են հուսալի երաշխիքներ, որ ապագայում նման հանցագործություններ այլևս չեն կրկնվելու:
Մենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից ակնկալում ենք վճռորոշ քայլեր՝ Պերմյակովին հայկական իրավապահ մարմիններին հանձնելու հարցում: Թուլակամության և անվճռականության ցանկացած դրսևորում հղի է անկանխատեսելի ներքին և արտաքին քաղաքական հետևանքներով, քանի որ կասկածի տակ է դրված Հայաստանի ինքնիշխանությունը, հայ ազգի պատիվն ու արժանապատվությունը:
Հայտարարությունը ստորագրել է շուրջ 200 քաղաքացի