Բաժիններ՝

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարությունը Գյումրիում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

2015 թ. հունվարի 15-ին Գյումրի քաղաքում գտնվող Շիրակի մարզի դատախազության դիմացի հրապարակում հավաքված քաղաքացիների կեսը, տեսնելով պետական պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձանց ստրկամտությունն ու ապիկարությունը, ազգային ու մարդկային արժանապատվության պոռթկման ազդեցությամբ ինքնաբուխ կերպով շարժվեց դեպի Գյումրիում գտնվող ՌԴ հյուպատոսության շենք:

Նրանց և ճանապարհին նրանց միացած մյուս քաղաքացիներին դեպի հյուպատոսարան տանող ճանապարհի վրա դիմավորել է ոստիկանական պատնեշը: Սկզբում ամեն ինչ հանդարտ է եղել, սակայն կարճ ժամանակ անց ոստիկաններն սկսել են մահակներով հարվածել քաղաքացիներին և ձայնային ռումբեր նետել նրանց ուղղությամբ:

Ոստիկանների սադրիչ քայլերը հունից հանել են իրենց ազգային և մարդկային արժանապատվության համար ոտքի կանգնած քաղաքացիների մի մասին՝ հիմնականում երիտասարդներին, ինչը միանգամայն բնական էր նման իրավիճակում:

2008 թ, մարտի 1-ից հետո առաջին անգամ քաղաքացիների ֆիզիկական դիմադրությանը հանդիպելով, ռեժիմն սկսել է իրեն բնորոշ ապօրինի և ցինիկ ձևերով հալածել այդ դիմադրության ժամանակ ակտիվություն ցուցաբերած երիտասարդ քաղաքացիներին:

Զուգահեռաբար՝ «վհուկների որս» է սկսվել նույն մարտիմեկյան մեթոդներով: Ոստիկանները երիտասարդներին հարցերն են տալիս, թե Երևանից եկած ինչ մարդկանց հետ են շփվել և նրանցից ինչ հրահրիչ ցուցումներ են ստացել:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը ոստիկանությունը զգուշացնում է գործել բացառապես օրենքի հիման վրա, գտնել և պատասխանատվության ենթարկել այն ոստիկաններին, ովքեր իրենց ապօրինի գործողություններով սադրել են հունվարի 15-ին բախումը Գյումրիում, այնուհետև մի քանի տասնյակ քաղաքացիների առանց որևէ հիմքի բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ և նրանց համարյա մինչև լուսաբաց անօրինական կերպով պահել են այնտեղ:

Իր հերթին՝ ոստիկանությունը պետք է նկատի ունենա, որ ոչ լեգիտիմ և ժողովրդի իշխանությունը յուրացրած ռեժիմի բոլոր հրամանների կատարումն ի սկզբանե անօրինական է: Ուստի ոստիկանության ծառայողներից յուրաքանչյուրը պետք է ընտրություն կատարի ռեժիմին հանցակից լինելու և նրա հեռացումից հետո քրեական պատասխանատվության ենթարկվելու կամ օրենքին ծառայելու և ժողովրդի սերն ու հարգանքը վայելելու միջև:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը ողջունում է գյումրեցիների, առաջին հերթին՝ երիտասարդների, պոռթկումը և փաստում, որ նրանց արժանապատիվ ընդվզումը ոչ միայն վերահաստատեց իր երկրին տեր կանգնելու մեր ժողովրդի վճռականությունը, այլև օտարին ու նրան ծառայող գաղութային ռեժիմին ստիպեց հաշվի նստելու մեզ հետ:

Միևնույն ժամանակ՝ հետագայում այսպիսի ողբերգություններից խուսափելու և մեր ազգային ապագան երաշխավորելու համար մենք պետք է շատ զգոն և կազմակերպված լինենք: Այս օրերին, հատկապես՝ Ավետիսյանների ընտանիքի վերջին շառավղի՝ մանկահասակ Սերյոժա Ավետիսյանի մահվան պատճառով, ժողովրդի ցասումը հասել է գագաթնակետին, ինչը կարող է առիթ տալ հակառակորդին ձեռնտու ինքնաբուխ և հախուռն ընդվզումների:

Ուստի խոր վշտով ցավակցելով մեր ժողովրդին բոլորիս հարազատ զավակը դարձած մանկահասակ հայորդու մահվան առթիվ, կոչ ենք անում զերծ մնալ ժամանակից շուտ ռեժիմի հետ բախվելուց և ընդվզման էներգիան պահել առաջիկայում ռեժիմին հեռացնելու ու Նոր որակի հայկական պետություն կառուցելու համաժողովրդական պայքարի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս