«Անելանելի վիճակում հայտնված Պերմյակովը ստիպված էր շարժվել դեպի հայ-թուրքական սահման». Աշոտ Ահարոնյան
Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը ցնցեց ողջ հանրապետությունը, ցավն այնքան մեծ էր, որ հույզը երբեմն գերազանցում էր սթափ դատողությանը: Սակայն խնդիրը ահազանգը ստանալու առաջին իսկ պահից հստակ էր՝ ճշտել հնարավոր հանցագործի կամ հանցագործների/ ինքնությունը, հայտնաբերել ու ձերբակալել կասկածյալին, նաև՝ ապահովել քաղաքացիների անվտանգությունը:
Դեպքի վայր մեկնեց օպերատիվ խումբ ոստիկանության պետի առաջին տեղակալի գլխավորությամբ: Հսկողության տակ վերցվեց Գյումրին, քաղաքի ելումուտը, միջքաղաքային ճանապարհները, ուժեղացված ծառայություն էր կատարվում մայրաքաղաքում, «Զվարթնոց» օդանավակայանում, սահմանային անցակետում:
Օղակն աստիճանաբար սեղմվում էր: Իրավապահ կառույցների սերտ համագործակցությունն արդյունք տվեց. անելանելի վիճակում հայտնված կասկածյալը՝ ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, ստիպված էր շարժվել դեպի հայ-թուրքական սահման, որտեղ էլ ձերբակալվեց:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը համակարգված փոխգործակցության համար շնորհակալություն է հայտնել Ազգային անվտանգության ծառայությանը, Գլխավոր դատախազությանը, Քննչական կոմիտեին, ռուս սահմանապահներին, ինչպես և այն սրտացավ քաղաքացիներին, որոնք, ոչ միայն Գյումրիից, հարյուրից ավելի ահազանգերով օժանդակել են իրավապահներին իրենց գործողություններում:
Ոստիկանությունը ցավակցում և իր զորակցությունն է հայտնում Ավետիսյանների ընտանիքի հարազատներին, մերձավորներին, համաքաղաքացիներին և շուտափույթ ապաքինում մաղթում փոքրիկ Սերյոժային»: