Տեր-Պետրոսյանը փորձում է շանտաժով հրապարակ բերել Գագիկ Ծառուկյանին

Լևոն Տեր-Պետրոսյանը որոշել է չմասնակցել հունվարի 20-ին Գագիկ Ծառուկյանի կողմից կազմակերպվող համաժողովին: Համաժողովին չի մասնակցի ոչ միայն նա, այլ նաև ՀԱԿ կուսակցությունn ընդհանրապես: Սա Տեր-Պետրոսյանի անձնական որոշումն է, որի մասին նա հայտնել է ՀԱԿ խորհրդի անդամների հետ նախաամանորյա հանդիպման ժամանակ:

Ինչո՞ւ ենք ասում, որ որոշումը Տեր-Պետրոսյանն անձամբ է ընդունել, որովհետև, ըստ ՀԱԿ խորհրդի անդամների, երբ իրենք հավաքված են եղել և սպասելիս են եղել Տեր-Պետրոսյանի գալստյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը չի կարողացել հստակ պատասխանել հարցին, թե, ի վերջո, ՀԱԿ-ը մասնակցելո՞ւ է Գագիկ Ծառուկյանի կողմից կազմակերպվող միջոցառմանը, թե՞ ոչ: Իսկ Տեր-Պետրոսյանը մտնելով սրահ՝ իր խոսքը սկսել է հենց համաժողովին չմասնակցելու մասին հայտարարությամբ, ասելով, որ ինքը գիտի, որ բոլորին հուզում է հենց այդ հարցը:

Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի չմասնակցելու որոշումը պայմանավորել է իր անձնական ամբիցիաներով՝ հայտարարելով, որ իրեն վայել չէ գնալ և նույն շարքում նստել Գառնիկ Իսագուլյանի, Տիգրան Կարապետյանի կամ Արամ Հարությունյանի հետ: Նրա այս հայտարարությունը հավանության է արժանացել կուսակիցների կողմից, ովքեր նույնպես հաստատել են, որ ՀԱԿ-ի ղեկավարի համար սազական չէր լինի նման միջավայրում հայտնվելը: Լևոն Տեր-Պետրոսյանն ավելացրել է, որ իրենք կսպասեն համաժողովի արդյունքներին, կտեսնեն, թե համաժողովի ժամանակ ինչ որոշում կկայացվի, որից հետո կհստակեցնեն իրենց հետագա անելիքները:

Խոսելով ապագայի մասին՝ Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ եթե անգամ եռյակի իրենց մյուս գործընկերները որոշում չկայացնեն կամ փորձեն հրաժարվել համատեղ իշխանափոխություն իրականացնելու սցենարից, ապա ՀԱԿ-ը պատրաստ է միայնակ գործել: Տեր-Պետրոսյանը հասկացրել է, որ Ծառուկյանի համաժողովից հետո իրենք ևս կհավաքվեն և որոշում կկայացնեն: Ըստ խորհրդի նիստի մասնակցների՝  Տեր-Պետրոսյանը հասկացրել է, որ ամենաուշը փետրվարի վերջին-մարտի սկզբին իրենք պատրաստ են Ազատության հրապարակում միայնակ հանրահավաք անցկացնել և հրապարակից տուն չգնալ՝ մինչև  իշխանափոխություն չիրականացնեն:

Տեր-Պետրոսյանը խոսել է ոչ միայն ապագայի, այլ նաև անցյալի մասին՝ հայտարարելով, որ 2014թ.  հոկտեմբերի 10-ի և 24-ի հանրահավաքներից հետո Հայաստանում իշխանություն չկար, իշխանությունը փողոցում ընկած էր, մնում էր միայն այդ իշխանությունը վերցնել: Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ եթե ԲՀԿ-ն հաստատուն կանգներ, և ՀԱԿ-ի հետ միասին կազմակերպեին հոկտեմբերի 31-ի, նոյեմբերի  7-ի և 14-ի հանրահավաքները, որոնց մասին իրազեկումներն արդեն տրվել էին քաղաքապետարանին, ապա ինքը կասկած անգամ չուներ, որ Հայաստանում արդեն նոր իշխանություն կլիներ: Սակայն մեր գործընկերները նախընտրեցին այլ մարտավարություն, և մենք հանուն միասնության՝ համաձայնեցինք նրանց հետ. ասել է ՀԱԿ նախագահը: Հենց նման իրավիճակի կրկնությունից խուսափելու համար Տեր-Պետրոսյանն ասել է, որ այս անգամ ՀԱԿ-ը կարող է նախապատվությունը տալ միայնակ իշխանափոխություն իրականացնելու տարբերակին, եթե գործընկեր կուսակցությունները հերթական անգամ փորձեն տարբեր պատճառաբանություններով հետաձգել իշխանափոխության ժամկետները:

Իհարկե, ՀԱԿ խորհրդի ոչ բոլոր անդամներն են, որ հավատում են միայնակ իշխանափոխություն իրականացնելու իրենց հնարավորությանը: Նրանք հիշում են Տեր-Պետրոսյանի նախորդ հայտարարությունները, ըստ որոնց՝  ՀԱԿ-ը չի կարող ինքնուրույն իշխանափոխություն իրականացնել, և ԲՀԿ-ի հետ համագործակցությունը պայմանավորված է հենց այդ հանգամանքով: Հիմա հայտարարելով ինքնուրույն իշխանափոխություն իրականացնելու ՀԱԿ-ի մտադրության մասին՝ Տեր-Պետրոսյանն ընդամենը փորձում է ճնշում գործադրել ԲՀԿ-ի և անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա: Եթե ՀԱԿ-ը միայնակ դուրս գա հրապարակ և հայտարարի ինքնուրույն իշխանափոխություն իրականացնելու մասին, ապա կստացվի, որ ԲՀԿ-ն հրաժարվել է իշխանափոխության գաղափարից և համաձայնության է եկել իշխանությունների հետ: Ըստ Տեր-Պետրոսյանի՝ հասարակության աչքից չընկնելու և «չարթուրիկանալու համար», ԲՀԿ նախագահը ստիպված կլինի հաղթահարել իր վախերը և գալ կանգնել իր կողքին:

Իհարկե, ասվածի մեջ ինչ-որ տրամաբանություն կա, բայց եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չցանկանա գնալ հրապարակ, նրան որևէ հայտարարությամբ կամ շանտաժով դա հնարավոր չէ ստիպել անել, որովհետև ԲՀԿ-ում միշտ էլ կգտնեն բացատրություններ, թե ինչո՞ւ այս պահին իշխանափոխությունը նպատակահարմար չէ, և ինչո՞ւ է պետք սպասել, ենթադրենք, ևս երեք ամիս:

Տեսանյութեր

Լրահոս