Ոստիկանությունը՝ Երևանում մեկնարկած «օրենքով գողերի» մեծամասշտաբ հավաքի մասին
Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է շրջանառվում, թե այս օրերին Հայաստան են գալիս, այսպես կոչված, «օրենքով գողեր» ու քրեական հեղինակություններ:
Տեղեկատվությանը նաև հասարակական հնչեղություն է տրվում՝ որպես մեղադրանք ներկայացվելով իրավապահ մարմիններին: Մեղադրողները, սակայն, չիմացությամբ թե գիտակցաբար, գլխիվայր շրջում են իրողությունները:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին հազարավոր մարդիկ են այցելում Հայաստան, որը բաց երկիր է, և որտեղ օրենսդրորեն պաշտպանված է մարդու ազատ տեղաշարժի իրավունքը: Եվ եթե Հայաստանի հյուրը հետախուզման մեջ չէ կամ քրեորեն հետապնդելի արարք չի կատարել արդեն մեր երկրում, օգտվում է օրենսդրությամբ նախատեսված իր բոլոր իրավունքներից»: