Ռուս սահմանապահները Հայաստանում սահմանախախտի են ձերբակալել
Ռուսաստանի ԱԴԾ Սահմանային վարչության մամուլի ծառայության փոխանցմամբ, հունվարի 1-ին ձերբակալել են իրավախախտի, որը փորձել է անօրինական կերպով հատել հայ-թուրքական սահմանը:
Ժամը 19:30-ին սահմանապահները սահմանի տեխնիկական պաշտպանական միջոցներից ահազանգ են ստացել: Դեպքի վայր ժամանած սահմանապահների խումբը հայտնաբերել եւ ձերբակալել է անհայտ անձին, որը փորձել է հաղթահարել արգելապատնեշները:
Օպերատիվ-հետախուզական աշխատանքների ընթացքում բացահայտվել է, որ ձերբակալվածը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է՝ ծնված 1975 թվականին, Արագածոտնի մարզի Արագածավանի բնակիչ: 2014 թվականի մարտին նա արդեն խախտել է պետական սահմանը եւ դատապարտվել:
Օրենսդրության համաձայն, սահմանախախտին փոխանցել են ԱԱԾ աշխատակիցներին: