Հարուցվել է 6 քրեական գործ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում ավտոմեքենաների հրկիզման դեպքերի կապակցությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության տարբեր վարչական շրջանների քննչական բաժիններում ստացվել են նյութեր՝ Երեւանի տարբեր հասցեներում  6 ավտոմեքենաների հրկիզման դեպքերի վերաբերյալ, որոնց հիման վրա հարուցվել են քրեական գործեր։

Հաշվի առնելով հասարակական հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ նախապատրաստված նյութերով 4 դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 1 դեպքի վերաբերյալ գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, եւս 1 դեպքի վերաբերյալ՝  34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Նախաքննության շրջանակներում հանձնարարություններ են տրվել ոստիկանության ստորաբաժանումներին ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական աշխատանքներ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը բացահայտելու համար։

Այսպես՝

  • 2014թ. նոյեմբերի 27-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը` ժամը 04:00-ից մինչև 04:30-ն ընկած ժամանակահատվածում, առերեւույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը հրկիզման եղանակով վնասելու դիտավորությամբ այրել է Երևան քաղաքի բնակչուհի Սուսաննա Մելքոնյանին պատկանող «CHERY TIGGO» մակնիշի ավտոմեքենան, որի հետեւանքով վնասվել է ավտոմեքենայի անվադողը և հետևի վահանը` Ս.Մելքոնյանին պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ս.Մելքոնյանը ճանաչվել է որպես տուժող:

  • 2014 թվականի նոյեմբերի 27-ին  ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում,  առերեւույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը հրկիզման եղանակով վնասելու դիտավորությամբ այրել է Երևան քաղաքի բնակչուհի Լուսինե Գալստյանին պատկանող «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան, որի հետեւանքով վնասվել է ավտոմեքենայի անվադողը, անվաթեւը եւ հետեւի նստատեղը՝պատճառելով զգալի չափի գույքային վնաս։
    Դեպքի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
  • 2014 թվականի նոյեմբերի 27-ին  ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ նոյեմբերի 26-ի՝ ժամը 22:00-ից մինչեւ նոյեմբերի 27-ը՝ ժամը 06։30-ն  ընկած ժամանակահատվածում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը ուրիշի գույքը հրկիզման եղանակով վնասելու դիտավորությամբ այրել է Երևան քաղաքի բնակիչ Կարեն Հարությունյանի անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որի հետեւանքով վնասվել է ավտոմեքենայի  ձախակողմյան հետեւի անվաթեւը, վահանակի ձախակողմյան անվադողը, անվահեծը՝ պատճառելով զգալի չափի գույքային վնաս։
    Դեպքի առթիվ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
  • 2014 թվականի նոյեմբերի 27-ին  ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում  ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 01։30-04։20-ն ընկած ժամանակահատվածում, առերեւույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը հրկիզման եղանակով վնասելու դիտավորությամբ այրել է Երևան քաղաքի բնակիչ Վարդան Հակոբյանին պատկանող «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան, որի հետեւանքով վնասվել է ավտոմեքենայի ձախակողմյան հատվածի հետնամասը՝ պատճառելով զգալի չափի գույքային վնաս։
    Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Վ.Հակոբյանը ճանաչվել է որպես տուժող։
  •  2014 թվականի նոյեմբերի 27-ին ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում  ահազանգ է ստացվել, որ նոյեմբերի 26-ի՝ ժամը 21:00-ից մինչեւ նոյեմբերի 27-ը՝ ժամը 10։00-ն  ընկած ժամանակահատվածում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը փորձել է հրկիզման եղանակով ուրիշի գույքը վնասելու դիտավորությամբ այրել Երևան քաղաքի բնակիչ Կարո Եղնուկյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, քանի որ ավտոմեքենայի առջեւի հատվածում հայտնաբերվել է ծառի ճյուղ՝ պոլիէթիլենային տոպրակով եւ այլ դյուրավառ հեղուկի հետքեր։
    Դեպքի առթիվ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
  • 2014 թվականի նոյեմբերի 27-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 05:00-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը հրկիզման եղանակով վնասելու դիտավորությամբ այրել է Երևան քաղաքի բնակիչ Սամվել Սարգսյանին պատկանող «Մերսեդես C200» մակնիշի ավտոմեքենան՝ պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս։  Դեպքի առթիվ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Նշված բոլոր քրեական գործերով նշանակվել են դատաապրանքագիտական, դատահրդեհատեխնիկական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ:

Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողությունները՝  քրեական գործերով քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը եւ լրիվությունն ապահովելու ուղղությամբ։

 ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930