Բաժիններ՝

Երուսաղեմի հայոց պատրիարքի բոլոր նամակներին պատասխան առաքվել է. Մայր Աթոռի պարզաբանումը

Օրեր առաջ ԶԼՄ-ներում տեղեկատվություն տարածվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նոյեմբերի 11-13-ը տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովից Երուսաղեմի հայոց պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի բացակայության պատճառների մասին: Տարբեր հոդվածներով ներկայացվեց նաև Մայր Աթոռի և Երուսաղեմի պատրիարքության միջև տեղ գտած թղթակցությունը, մեղադրանքներ հնչեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին Նուրհան պատրիարքի նամակներն անպատասխան թողնելու կապակցությամբ:

Այս առնչությամբ պարզաբանման համար «Արմենպրես»-ը դիմել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանին: Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակը տեղեկացրեց, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ստացված որևէ նամակ անպատասխան չի մնում, առավել ևս, եթե այն հասցեագրված է Ամենայն Հայոց Հայրապետին Երուսաղեմի հայոց պատրիարքի կողմից: «Պատրիարքի բոլոր նամակներին պատասխան առաքվել է: Ինչ վերաբերում է վերջին նամակին, ապա նույնպես պատասխան առաքվել է Վեհափառ Հայրապետի կողմից: Ավելին` Նորին Սրբությունը հրավեր է ուղղել Երուսաղեմի հայոց պատրիարքին այցելել Մայր Աթոռ` քննարկելու իրեն հուզող խնդիրները և լուծման առաջնորդելու առկա հարցերը», – ասաց Էջմիածնի մամլո խոսնակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս