Էթիկայի հանձնաժողովը կորոշի Զարուհի Փոստանջյանի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը. «Փաստինֆո»
Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի` դեկտեմբերի 2-ի դռնփակ նիստի օրակարգում «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի` նոյեմբերի19-ի դիմումի քննության վերաբերյալ հարցն է:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Էթիկայի հանձնաժողովի նախագահ Արփինե Հովհաննիսյանը, հանձնաժողովը պետք է որոշի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորը դիմում է ներկայացրել ընդդեմ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Արտակ Զաքարյանի՝ պահանջելով քննարկել վերջինիս գործողությունների իրավաչափության հարցը։
Դիմումի առիթ է հանդիսացել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 2-ին ԼՂՀ–ում գումարված արտագնա նիստում Զ.Փոստանջյանի հեղինակած՝ «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ԱԺ որոշման նախագծի, որով, մասնավորապես, առաջարկվում է ճանաչել ԼՂՀ-ն, քննարկման ժամանակ Ա.Զաքարյանի կողմից, ըստ դիմողի, ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված ընթացակարգի խախտումը:
Ի դեպ, Զ.Փոստանջյանը արցախյան նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ մասնավորապես ասել էր. «Խախտելով ԱԺ կանոնակարգ-օրենքի համապատասխան հոդվածը` հանձնաժողովը կոպիտ խախտումներով, առանց նիստի օրակարգը հաստատելու, միանգամից անցավ հարցի քննարկմանը և որոշում կայացրեց նիստն անցկացնել դռնփակ»: